Առեղծվածային սպիտակ նյութը, որը քսել են Չինաստանում 3600-ամյա մումիաների գլխին ու պարանոցին, պարզվել է աշխարհի ամենահին պանիրն է։

Գիտնականներն առաջին անգամ հայտնաբերել են առեղծվածային նյութ, որով պատված են եղել մոտ երկու տասնամյակ առաջ Չինաստանի հյուսիս-արևմտյան Թարիմ գոգահովտի Սյաոհե գերեզմանատանը թաղված մի քանի մումիա:

Ըստ Cell հանդեսում հրապարակված հետազոտության՝ ներկայում, ԴՆԹ թեստերը ցույց են տվել, որ առեղծվածային լորձը կենդանի միկրոօրգանիզմներով՝ պրոբիոտիկներով հագեցած կեֆիրային փափուկ պանիր է:

Պանիրը պարունակում էր բակտերիաների և սնկերի մի քանի տեսակներ, դրանց թվում՝ Lactobacillus kefiranofaciens և Pichia kudriavzevii, որոնք հանդիպում են ժամանակակից կեֆիրի հատիկներում։

Ըստ գիտնականների՝ այս հատիկները «սիմբիոտիկ մշակույթներ» են՝ բաղկացած բակտերիաների և խմորիչի խառնուրդից, որոնք խմորում են կաթը և այն վերածում պանրի:

«Սա աշխարհում երբևէ հայտնաբերված պանրի ամենահին օրինակն է», - ասում է Պեկինում Չինաստանի Գիտությունների ակադեմիայի ողնաշարավորների հնէաբանության և հնէամարդաբանության ինստիտուտի հնէաբան Ցյաոմեյ Ֆուն:

«Պանրի նման մթերքները չափազանց դժվար է պահպանել հազարավոր տարիների ընթացքում, ինչն այս հնարավորությունը հազվադեպ և արժեքավոր է դարձնում»,-ասում է գիտնականը: