Հայաստանի սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում անհրաժեշտ է ներառել գնված ապրանքը հետ վերադարձնելու սպառողի իրավունքը: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 5-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպության նախագահ Լուսինե Յագուբյանը, նշելով, որ եվրոպական երկրների խանութներում երբեք չես հանդիպի «Գնված ապրանքը հետ չենք ընդունում» արտահայտությանը, այն դեպքում, երբ այդ երկրներում օրենքը չի պարտադրում հետ վերցնել գնված ապրանքը:

Հայաստանում, ըստ նրա, գոյություն ունի օրենք, որի համաձայն գնված ապրանքը կարելի է, ոչ թե հետ վերադարձնել, այլ` փոխանակել:  «Հայաստանի սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի 23-րդ հոդվածում նշվում է  պատշաճ  որակի ապրանքը փոխարինելու սպառողի իրավունքի մասին, սակայն գրված չէ հետ վերադարձնելու մասին: Այնինչ` նույն հոդվածի 2-րդ կետում հստակ ասված է, որ եթե սպառողը վաճառողին դիմելու օրը վաճառքում նմանօրինակ ապրանքը բացակայում է, ապա սպառողը իրավունք ունի իր թույլտվությամբ լուծել առք ու վաճառքի պայմանագիրը` պահանջելով հետ վերադարձնել նշված ապրանքի համար վճարված գումարը: Այսինքն` օրենքում գրանցված չէ հետ վերադարձնելու իրավունքը: Գրված է ընդամենը փոխարինելու իրավունքը»,- դժգոհեց Լուսինե Յագուբյանը:

Անդրադառնալով սպառման շուկայում գերիշխող խախտումներին, նա ավելացրեց. «Հիմնական բողոքները վերաբերում են նրան, որ սպառողները տոնավաճառից, խանութներից թանկարժեք վարտիք, մուշտակ, կոշիկ են գնում, տանում տուն եւ ինչ-ինչ պատճառներով հասկանում, որ իրենց համար չէ, բայց խանութները հրաժարվում են դրանք հետ ընդունել: Հասցեներով, անուն ազգանուններով եւ խանութներով տվյալները մեզ մոտ գրանցված են»:

Սպառողների իրավունքների պաշտպանության հ/կ-ի  փոխնախագահ Կարեն Չիլինգարյանն էլ նշեց, որ հայտնի խանութներից սպառողները նման խնդիրներ են ունեցել «Արմենոյի», «Ռոբերտոյի» եւ այլ խանութների հետ, բայց ասոցիացիային դիմելուց հետո խնդիրը լուծվել է:

Հ/կ-ի ներկայացուցիչները նկատեցին, որ շատ հաճախ խնդիրների պատճառ են դառնում սպառողների իրազեկվածության եւ տեղեկատվության ցածր մակարդակը, օրենքների ոչ կիրառելիությունը: Իսկ հ/կ-ն այս տարիների ընթացքում իր գլխավոր ձեռքբերումը համարում է այն, որ եթե մի քանի տարի առաջ մեր սպառողները կարող էին ամոթի գերի դառնալ, լռել նման դեպքերում, ապա այսօր ընդհակառակը նրանք կարող են բարձրաձայնել, բողոքել, պահանջել, որպեսզի իրենց ոտնահարված իրավունքները վերականգնվեն: