Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում, այսօր` դեկտեմբերի 5-ին, տեղի է ունեցել «Բիզնես գրավչության իմ բանաձեւը» խորագրով ուսանողական մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին երեք տեղերը գրաված ուսանողներին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանձնել է պարգեւներ, իսկ լավագույն մյուս մասնակիցներին`  հավաստագրեր: Ողջունելով մասնակիցներին նախարարն ընդգծել է, որ Հայաստանում տնտեսագիտական կրթությունը բարեփոխումների կարիք ունի: «Տնտեսագիտական նորարարական կադրերի հանդեպ պահանջարկը մեծ է, եւ այստեղ կրթության ոլորտը  մասնավոր հատվածի ուշադրության անհրաժեշտություն ունի:  «Բիզնես գրավչության իմ բանաձեւը» խորագրով մրցույթը նպատակ ուներ հայտնաբերելու պրպտող, նորարար ուսանողների, ովքեր կարող են նոր գաղափարներ ներկայացնել»,- նշել է  Արմեն Աշոտյանը: Նախարարը կարեւորել է Finance.am պորտալի նախաձեռնությունը, նշելով, որ լավագույն  ուսանողներին խրախուսելու քաղաքականություն պետք է շարունակվի, եւ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու նմանօրինակ բոլոր նախագծերին : «Նման մրցույթները ցույց են տալիս, որ շատ լավ ուսանողներ կան, պարզապես մենք նրանց երբեմն չենք փնտրում ու գտնում»,- կարծիք է հայտնել նախարարը:

«Բիզնես գրավչության իմ բանաձեւը» մրցույթին ներկայացված  40 հայտերից ժյուրին, որի կազմում ընդգրկված են եղել  ներկայացուցիչներ ՀՀ  կրթության եւ գիտության նախարարությունից, ֆինանսների նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից եւ Կենտրոնական բանկից, խրախուսանքի է արժանացրել  7-ը: