Նարկոդիսպանսերում «Արարատ ցեմենտ» գործարանի հիմնական իրացնող «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանից եւ նրա ընկեր Ասատուր Առուստամյանից վերցված մազի եւ մեզի անալիզի պատասխանները դրական են եղել, ինչը նշանակում է, որ նրանք իսկապես թմրադեղ են օգտագործել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը:
Հիշեցնենք, որ նրանց նկատմամբ կալանքի սանկցիա է կիրառվել: Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արմեն Մուրադյանն ու Ասատուր Առուստամյանը թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել են` նոյեմբերի 25-ին:
Հարուցվել է քրեական գործ Քր.օր.-ի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի): Կենտրոնի քննչական բաժնում ընթանում է նախաքննություն:
Նշենք, որ մամուլի փոխանցմամբ` Շլամը, ով ԲՀԿ-ի անդամ է, «Արարատ ցեմենտ» գործարանի արտադրանքի հիմնական իրացնողն է՝ իրացման առյուծի բաժինը նրան է պատկանում: Շլամին են պատկանում մոտ 3 տասնյակ ցեմենտատար մեքենաներ: Նա, ի դեպ, ծագումով Վեդիից է, եւ նրա եղբայրը մոտ երկու տարի առաջ Արարատում կրակել էր ոստիկանի վրա:
«Ինքը՝ Շլամը, իրավապահների թիրախում հայտնվել է Երեւանում: Սա թերեւս նույնպես պետք է դիտարկել ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ֆոնին: Ըստ էության, քաղաքական պայքարը սահուն անցնում է քրեական դաշտ: Մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկա շաբաթներին հետապնդումների նոր ալիք Է սկսվելու ԲՀԿ-ի նկատմամբ»,- գրել էր «Հրապարակ» թերթը:




























