Պարոն Նազարյան մենք հաճախ մոռանում ենք, որ 1976 թվականին մենք սահման չենք ունեցել, նույն երկրի մասին է եղել խոսքը: Այս մասին այսօր, հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե Կիրանցում տեղի ունեցած օրինակը փնթիության մասին է խոսում. «ինչո՞ւ գործող սահմանի մասին չգիտեին ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Հայաստանում խորհրդային տարիներին: Ինչպե՞ս հայտնվեց մի քարտեզ, որի մասին ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Հայստանում չգիտեին»:

Վարչապետն արձագանքելով նշեց. «Պարոն Նազարյան, մենք հաճախ մոռանում ենք, որ 1976 թվականին մենք սահման չենք ունեցել, նույն երկրի մասին է եղել խոսքը: Դուք այդ գյուղում շատ եք եղել, ես էլ այդ մարզում եմ ծնվել, այդ ճանապարհներով տասնյակ անգամներ անցել ենք, գիտեինք որտեղ էր առևտուր արվում ադրբեջանցիների, որտեղ էր արվում՝ մեր հայրենակիցների կողմից: Այն ժամանակ սահմանը չեն իմացել, որովհետև նման հասկացողություն չի եղել»:

Ապա Կառավարության ղեկավարը հանելով մի քարտեզ ասաց. «Այս քարտեզը, համաձայն որի այդ սահմանը քաշվել է, չէր էլ լինի, եթե դրա աշխատանքային անհրաժեշտությունը չունենար խորհրդային միության ԶՈՒ գլխավոր շտաբը:

Այդ քարտեզի կարիքը չի եղել, հողօգտագործման հարաբերություններ են եղել, կոլխոզը կոլխոզին ասել է՝ լավ ստեղ թող ձեր գառներն արածեն, ընդեղ էլ՝ ձեր գառները: Երբ որ խոսում ենք, թե Կիրանցից քանի տուն է անցել, կամ որ ահազանգվում էր, թե Ոսկեպարի եկեղեցին մնալու է այն կողմում, բա ինչի՞ չեղավ:

Մենք սիրում ենք մեզ համար գլուբուս ստեղծել և մեր գլոբուսի վրա ապրել»:

Գեղամ Նազարյանն արձագանքեց, որ Կիրանցում մարդիկ անակնկալի են եկել, քանի որ իրենց իմացած սահմանը խախտվել է, որ եղել է տուն, որը կառուցվել է 1976 թվականին, եթե դա լիներ Ադրբեջանի տարածքում, Ադրբեջանը թույլ չէր տա այնտեղ տուն կառուցել: Նա կոչ արեց գնալ սահմանամերձ այլ բնակավայրերի բնակիչների հետ խոսել, ցույց տալ սահմանը նախապես, որ մարդիկ Կիրանցի պես անակնկալի չգան: