Մերիլենդի համալսարանի հետազոտողները Խաղաղ օվկիանոսի տակ վաղուց անհետացած ծովի հատակի ապացույցներ են հայտնաբերել, որը հուշում է վերաշարադրել Երկիր մոլորակի պատմությունը, գրում է Daily Mail-ը։

Գիտնականները հայտնաբերել են հնագույն ծովի հատակի մնացորդներ, որը, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ տեկտոնական սալի մի մասն էր, որը 250 միլիոն տարի առաջ ջարդվելով անջատվել և սահել է օվկիանոսի ամենախորքերը:

Գիտնականները քարտեզագրել են կառուցվածքը և պարզել, որ այն արտասովոր կերպով ավելի հաստ է և ավելի սառը, քան շրջակա տարածքները:

Հնագույն ծովի հատակը մարտահրավեր է նետում Երկրի ներքին կազմության մասին գոյություն ունեցող տեսություններին և նոր պատկերացում է տալիս նրա մասին, թե միլիոնավոր տարիների ընթացքում ինչպես է փոխվել մոլորակի մակերեսը:

Հետազոտության առանցքային եզրահանգումներից մեկը մարտահրավեր է նետում գերակշռող գաղափարներին նրա վերաբերյալ, թե ինչ է տեղի ունենում օվկիանոսային սալերի հետ, երբ դրանք սուզվում են Երկրի մանտիայում: Գիտնականները «մանտիայի անցումային գոտում» հայտնաբերել են վերին մանտիան ստորին մանտիայից բաժանող 19,3 կմ հաստությամբ և 1931 կմ երկարությամբ հատված։

Սուբդուկցիան (երկրակեղևի որոշ բլոկների սուզումը մյուսների տակ - խմբ.) հաճախ թողնում է շարժման տեսանելի հետքեր, ինչպիսիք են հրաբխային ժայթքումները, երկրաշարժերը և խորը ծովի խրամատները: Բայց սովորաբար Երկիրն ամբողջությամբ կլանում է օվկիանոսային սալերը՝ մակերեսի վրա նկատելի հետքեր չթողնելով, պատմել են հետազոտության հեղինակները, որոնք մերժում են այս գաղափարը։

Հետազոտողները պարզել են, որ նյութը Երկրագնդի ընդերքում շատ ավելի դանդաղ է շարժվում, քան ավելի վաղ ենթադրվում էր: Հայտնաբերված տարածքի անսովոր հաստությունը հուշում է մանտիայի անցումային գոտու այս հատվածում ավելի սառը նյութի առկայության մասին, և որ որոշ օվկիանոսային սալեր մանտիայի մեջ սուզվելիս  կիսով չափ թաղվում են:

«Մենք պարզեցինք, որ այս տարածաշրջանում նյութը մոտ երկու անգամ ավելի արագ է իջնում, քան ակնկալում էինք, ինչը ենթադրում է, որ մանտիայի անցումային գոտին կարող է խոչընդոտ դառնալ և դանդաղեցնել նյութի շարժումը Երկրի միջով»,-պարզաբանել են գիտնականները:

Այսպիսով, այս հետազոտությունը ցույց է տալիս, որ հնագույն սուզվող սալերը կարող են մնալ Երկրի խորք ընդերքում՝ հարյուրավոր միլիոնավոր տարիներ ազդելով մանտիայի կառուցվածքների վրա:

Այս նոր հայտնագործությունը կարող է գիտնականներին ստիպել վերանայել սալերի տեկտոնիկայի մոդելները և ավելի ճշգրիտ պատկերացում կազմել նրա մասին, թե ինչպես է փոխվել Երկրի մակերեսը երկրաբանական փուլերի ընթացքում: