Հայաստանի Ազգային Ժողովն օրերս առաջին ընթերցմամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որ ստացել է «շքեղության հարկ» անվանումը:

Գործարար պատգամավորներից, որոնց մի մասն ի դեպ, այդ հարկի պոտենցիալ վճարող է, մի քանիսը որոշ վերապահումներ ունեն օրենքի շուրջ, շատերն էլ ընդունելի են համարում եւ կողմ են քվեարկել նախագծին:

ԱԺ հանրապետական պատգամավոր Արմեն Մխիթարյանի կարծիքով, ավելի ճիշտ կլիներ, որ շքեղության հարկը մտներ գույքահարկի մեջ եւ այդ հարկատեսակը բարձրացվեր: «Իսկ սահմանի վրա որոշ մեքենաների, ապրանքների գինը սխալ է բարձրացնելը: Լավ կլինի, որ այդ հարկը հավաքվեր ոչ թե սահմանի վրա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց պատգամավորը: Հարցին, թե մտավախություն չունի՞, որ միայն մեքենաների մաքսային արժեքն է թանկանում, Արմեն Մխիթարյանը պատասխանեց. «Եթե միայն մոտ 100 հազար դոլարից ավելի մեքենաների մաքսային արժեքն է բարձրանում, դա նորմալ է: Դա երեւի մի 50 հոգու վրա ազդի, դրանից արտառոց որեւէ բան չի լինի»:

«Մաքս-Գրուպ» կոնցեռնի սեփականատեր, հանրապետական Խաչիկ Մանուկյանին հարցինք, թե որքանո՞վ է արդարացված «շքեղության» հարկի ներդրումը: «Նայած թե որ տեսանկյունից ես նայում: Այդ հարկից հետո բոլոր մեքենաները կդառնան 99 հազար»,- կատակեց պատգամավորը եւ հավելեց, որ հարկը մտցնելուց առաջ հարկավոր էր ամեն ինչ լրջորեն ուսումնասիրել: «Եթե հարկ են մտցնում, պետք էր մտցնել ոչ միայն մեքենաների վրա, այլ գնահատեն, թե ինչ է շքեղության ցուցադրման օբյեկտ, առարկա, նոր դրանից հետո որոշեն, ինչի վրա տարածել»: Հարցին, թե կտարածվի՞ արդյոք այդ հարկն իր վրա, Խաչիկ Մանուկյանը պատասխանեց. «Կտարածվի, բա ի՞նչ կանի, իմ մեքենան հաստատ 100 հազարից ավելի է»:

Անկախ պատգամավոր Հակոբ Հակոբյանի («Կիլիկիայի Հակոբ») խոսքով, «շքեղության» հարկում արտառոց որեւէ բան չկա, աշխարհի շատ երկրներում ընդունված է, որ թանկ մեքենաները թանկ հարկ են տալիս:

Դիտարկմանը, թե Ավստրալիայում այդ հարկը դրվում է 57 հազար դոլար եւ ավելի արժեցող մեքենաների վրա, իսկ Հայաստանում, ըստ օրինագծի, 30 միլիոն եւ ավելի արժեցող մեքենաների (շուրջ 80 հազար դոլար), Հակոբյանը նկատեց. «Մեր կենսամակարդակը այդքան բարձր չէ: Մենք էլ որ հասնենք իրենց մակարդակին, մենք էլ կիջեցնենք այդ գնին»: Թղթակցի ճշտող հարցին ի պատասխան նա նշեց, որ «նրանք (ավստրալացիները-խմբ.) ավելի լավ են ապրում, դրա համար հարկը ավելի քչից են տալիս»:

Հանրապետական պատգամավոր, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը եւս շատ նորմալ է գնահատում «շքեղության» հարկը: «Դա եվրոպական բոլոր զարգացած երկրներում նորմալ է դիտվում, եւ Հայաստանում, ինձ թվում է, կաշխատի: Եթե նմանատիպ մեքենաներ կան, կարծում եմ, չնչին գումար է ավելանում, այդ մարդիկ կարող են վճարել: Սա նաեւ սոցիալական ինչ-որ խնդիր է լուծում: Շատ գումար ունեցողը պետք է սոցիալական պարտավորություն ունենա»,- նշեց Սարգսյանը` որպես օրինակ բերելով ԱՄՆ-ում մի խումբ միլիոնատերերի քայլը, երբ վերջիններս պետությունից կամավոր պահանջում էին բարձրացնել իրենց հարկերը:

Հարցին, թե որքանո՞վ է արդարացված «շքեղության» հարկը 30 միլիոն դրամ եւ ավելի արժեքով մեքենաների համար կիրառելը, երբ, օրինակ, ավելի բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում հարկը կիրառվում է ավելի ցածր արժեքով մեքենաների համար,  Մարտին Սարգսյանը պատասխանեց. «Կառավարությունը հենց դա է ուզում, որ ցածր արժեք ունեցող մեքենաները սանդղակի տակ չհայտնվեն: Հիմա վերեւից ենք սկսում, հետագայում եթե տեսնենք, որ պետք է նաեւ ավելի ցածրն էլ ներառել, կանենք: Եթե կենսամակարդակը բարձրանա»: Մարտին Սարգսյանը նաեւ արդարացված չի համարում, որ այլ գույք էլ ընկնի հարկման տակ, բայց հետագայում կարելի է մտածել այդ ուղղությամբ: Մարտին Սարգսյանն անձամբ չի մասնակցել քվեարկություններին, քանի որ հանրապետությունում չի եղել, սակայն նշեց, որ կողմ է օրինագծին: 

Նշենք, որ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի առաջարկվող փոփոխություններով, 20 տոկոս մաքսային արժեք են վճարելու 30 մլն. դրամ եւ ավելի մաքսային արժեք ունեցող կամ մինչեւ 2 տարին ներառյալ թողարկման տարեթիվ եւ 4000 սմ 3 եւ ավելի շարժիչի աշխատանքային ծավալ ունեցող թեթեւ մարդատար ավտոմեքենաների սեփականատերերը:

Օրենքն ուժի մեջ է մտնելու 2012թ. հունվարի 1-ից, եւ մինչ այդ գնված մեքենաները չեն հարկվելու:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, թե կառավարությունն «շքեղության հարկից» ակնկալում է տարեկան մոտ 1 մլրդ դրամի եկամուտ ունենալ: Նրա խոսքով` «մի քանի հազար» նման մեքենա կա հանրապետությունում:

Ըստ մաքսային վիճակագրության` Հայաստանը մինչ ճգնաժամը (2007-8 թ.թ.) տարեկան 30 հազար դոլարից ավելի արժողությամբ 1800-2000 մեքենա էր ներմուծում: Ճգնաժամից հետո` 2009-10 թվականներին այդ թիվը նվազեց մինչեւ 1000-1100 մեքենա, իսկ այս տարվա 9 ամիսներին արդեն ներմուծվել է 1112 թանկարժեք մեքենա:

Ըստ դիտարկումների` ներմուծված թանկարժեք մեքենաների միայն 10 տոկոսից պակասն է, որ ունի 90 հազար եւ ավելի դոլար արժողություն: Եթե ի մի բերենք վերջին 10 տարիներին ներմուծված թանկարժեք մեքենաների վիճակագրությունը, ապա Հայաստանում 1000-ից ավելի 90 հազար դոլարից թանկ արժեցող մեքենա չի ներմուծվել, ու բնականաբար` դրանց զգալի մասն արդեն իսկ 2 տարուց ավելի հնություն ունի:

Հարկ է նշել, որ հարկման ենթակա է ոչ թե շքեղ մեքենան ինքնին, այլ դրա ներմուծումը (այսինքն` հարկը կիրառվելու է միայն 1 անգամ, ոչ թե շարունակաբար): Այսպիսով` լավագույն դեպքում խոսք կարող է գնալ տարեկան 100-150 մեքենայի հարկման մասին, որը բյուջեին կբերի 2-3 միլիոն դոլարի եկամուտ: