Լոռիի մարզկենտրոն Վանաձորում տնակային պայմաններում գործող 3 մանկապարտեզ կա: Վերջին 10 տարում այդպիսի նախակրթարանների թիվը  Վանաձորում եղել է 20-ը, որոնցից 17-ը ստացել են շենքային պայմաններ:

Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս մանկապարտեզների համար մասնաշենքեր ստեղծելը ֆինանսական բավականին մեծ ներդրումների հետ է կապված, եւ առայժմ այդպիսի խոշոր ծրագիր չկա: «Ամեն տարի մենք մասնակի ու կապիտալ վերանորոգման աշխատանքներ ենք անում, սակայն քարե շինությունների կառուցման համար մեր բյուջեն բավարար միջոցներ չունի»,-ասաց նա:

Տնակային պայմաններում են գործում թիվ 3, 4 եւ 8 մանկապարտեզները, համապատասխանաբար 40, 35 եւ 150 սաներով:

Սաների թվով ամենամեծ` թիվ 8 նախակրթարանը կառուցվել է երկրաշարժից հետո` նախատեսված է եղել դպրոց լինելու համար, բայց տրամադրվել է հետո որպես մանկապարտեզային տարածք, տնակները ջեռուցվում են փայտե վառարաններով:

Թեեւ այստեղ վարձաչափը ավելի բարձ է մյուս երկու մանկապարտեզներից ու կազմում է 4000 դրամ, սակայն, նախակրթարանի տնօրեն Աննա Դարբինյանի խոսքերով, այդ գումարները բավարար չեն բոլոր ծախսերն հոգալու համար:

Նշենք, որ այս կառույցում սաների ամենօրյա սնունդը տրամադրվում է քաղաքապետարանի կողմից:

Թիվ 8 նախակրթարանի տնօրենը ավելացրեց նաեւ, որ անհայտ պատճառներով չեն կառուցվում մասնաշենքեր, քանի որ իրենց կողմից դիմումներ են ուղղվել ոչ միայն հայաստանյան, այլեւ եվրոպական ու ամերիկյան տարբեր բարեգործական հաստատությունների, կազմակերպությունների ու անհատների, բայց կոնկրետ մասնաշենք կառուցելու դիմումները մնում են անպատասխան:

Թիվ 4 տնակային մանկապարտեզը շուրջ 50 տարվա պատմություն ունի, նախկինում գործել է 6 խմբով, երկրաշարժին փլվելով դարձել է վթարային, այժմ աշխատում են 2 խմբով ու այստեղ էլ ջեռուցումը փայտե վառարաններով է կազմակերպվում:

Նախակրթարանի տնօրեն Գոհար Քոչարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բացի մասնաշենքային խնդիրներ ունենալուց, երեխաներն ապահովված չեն նաեւ գույքով ու խաղալիքներով:

Քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ գագիկ Աղաբաբյանն իր խոսքում շեշտեց նաեւ, որ մասնագիտական առումով նախակրթարանները մասնագետների պակաս չունեն, աշխատակիցները ստանում են գումար` նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով: Մանկապարտեզներում սաների պակաս եւս չկա:

Հավելենք,  որ այս տարի ամբողջությամբ ավարտվել է Վանաձորի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգումը, ընդհանուր բյուջեն կազմելով մոտ 34 միլիոն դրամ: