Ոչ մարտական պայմաններում բանակում գրանցվող մահվան դեպքերի պատճատը բանակի ներսում կրիմինալ մթնոլորտն է, գողական բարքերը, իրական մեղավորներին պատասխանատվության չենթարկելը, հրամանատարներին արտոնյալ վիճակում պահելը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ խոսելով այն մասին, որ երեկ ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով։
«Զինվորի մահվան դեպքով դատում են մեկ այլ զինվորի։ Երբեք զորամասի հրամանատարը պատասխանատվություն չի կրում, երբ նման դեպք է տեղի ունենում, անգամ եթե նույն զորամասում մի քանի նման դեպք է գրանցվում»,–ասաց իրավապաշտպանը։
Ժաննա Ալեքսանյանի խոսքով, այս տարվա ընթացքում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան երեք տասնյակից ավելի դեպք է գրանցվել։ Իրավապաշտպանի խոսքով, եթե Քննչական կոմիտեն պատշաճ քննություն իրականացնի արդեն իսկ գոյություն ունեցող գործերով, ոչ մարտական պայմաններում մահերի թիվը կարող է կրճատվել։
«Այդ քննություններն հարուցում են, որպես նախնական վարկած հայտարարվում է ինքնասպանությունը, և երբեք այդ ինքնասպանության վարկածը չի փոխվում՝ անգամ անհերքելի ապացույցների դեպքում։ Արդեն նախապես որոշված է, որ այդպես էլ պետք է ավարտվեն այդ քննությունները. կեղծիքի միջոցով կոծկվում են մահվան դեպքերը»,–ասաց իրավապաշտպանը։
Ժաննա Ալեքսանյանի խոսքով, չնայած նրան, որ բանակում գրեթե ամեն ամիս նման դեպքեր են գրանցվում, պաշտպանության նախարարությունը քայլեր չի ձեռնարկում։
«Ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում, որ զինվորները կարողանան գոնե ապրել, ծառայել, որ նման դեպքեր տեղի չունենան, զինվորները չսպանվեն»,–հավելեց իրավապաշտպանը։





























