«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը», ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս միանում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից նախաձեռնված «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավին եւ հանդես է գալիս նոր Ֆլեշ-մոբ նախաձեռնությամբ:

Կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ ֆլեշ-մոբ ակցիան տեղի կունենա դեկտեմբերի 7-ին, ժամը 14:00-ից 14:30-ը Հյուսիսային պողոտա Աբովյան փողոցների հատման մասում:

Նախատեսվում է իրականացնել հետեւյալ գործողությունները.

• Կլինեն նախապես գազալցված 200 փուչիկներ:

• Հյուսիսային պողոտայի՝ դեպի Թումանյան փողոց դուրս եկող հրապարակում կապվելու են խորհրդանշական երկու ժապավեններ, որոնց տակ գրված կլինեն հետեւյալ հարցրեը. «ի՞նչ սեռի եւ քանի՞ երեխա ունեք» եւ «ի՞նչ սեռի եւ քանի՞ երեխա կցանկանաք ունենալ»: Առաջին ժապավենի վրա անցորդները, կախված նրանից, թե քանի երեխա ունեն եւ ինչ սեռի, կկապեն նույն քանակությամբ եւ գույնի փուչիկներ՝ վարդագույն փուչիկներ՝ աղջիկների համար եւ կապույտ՝ տղաների: Մյուս ժապավենից կկապվեն այն քանակությամբ եւ գույնի փուչիկներ՝ կախված այն հանգամանքից, թե քանի եւ ինչ սեռի երեխա են ցանկանում ունենալ անցորդները: Վերջում ժապավենների վրա ամրացված փուչիկները բաց կթողնվեն երկինք:

• Ֆլեշ-մոբի մասնակիցներ են լինելու ՄԶՄԿ աշխատակիցները, ինչպես նաեւ պատահական անցորդներ:

• Միջոցառման ընթացքում անցորդ տղամարդկանց կրծքին կամրացվեն խորհրդանշական «սպիտակ ժապավեններ»: Սա միջազգային հանրության կողմից ընդունված գործողություն է, որով տղամարդիկ բարձրաձայնում են կանանց նկատմամբ բռնությանն իրենց դեմ լինելու մասին:

• Միջոցառման ողջ ընթացքում պաստառների միջոցով կներկայացվեն Հայաստանում ծնունդների սեռային կազմի խիստ շեղման վերաբերյալ հետեւյալ կոչերը. «2 տղա ունես, պլանավորիր նաեւ աղջիկ ունենալ», «Մի պլանավորիր սեռը, պլանավորիր երեխաների քանակը», «Ես կարող եմ եւ՛ Հայրենիքը պաշտպանել, եւ՛ Հայրենիքի պաշտպան ծնել»: