Երեւանում, այսօր` դեկտեմբերի 6-ին, մեկնարկել է «Կանաչ տնտեսություն» խորագրով հայ-գերմանական համաժողովը, որին ներկա պահին ներկա են ավելի քան 200 մասնակիցներ, այդ թվում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդթը եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության Հայաստանի գրասենյակի տնօրեն Ջեյմս Մաքբեթ Ֆորբսը եւ համաժողովի մի շարք այլ մասնակցիներ հեծանիվներով էին եկել համաժողովին:
«Հեծանվաարշավի նպատակը մեր անկեղծ նվիրվածության ցուցադրումն է Հայաստանի բնապահպանական խնդիրներին: Մենք կարծում ենք, որ քաղաքացիական հասարակության ջանքերը մեծ են բնապահպանության ոլորտում, սակայն քաղաքացիական հասարակությունը միայնակ խնդիրներ լուծել չի կարող: Կարեւոր է նաեւ մասնավոր եւ կառավարող հատվածի ներգրավվածությունը խնդրի մեջ», - նշել է ԳՄՀԸ ղեկավար Մաքբեթը:
Դեսպան Շմիդթն իր հերթին հավելել է, որ չափազանց բարձր է գնահատում Թռչկանի ջրվեժի տարածքում կառուցվելիք ՀԷԿ-ի կանխման գործում Հայաստանի կառավարության դերը:
Թեմատիկ աշխատաժողովները այս պահին ընթացքի մեջ են, իսկ երեկոյան` միջոցառման փակման ժամանակ կներկայացվեն աշխատաժողովի արդյունքները:




























