Հայաստանում արմատավորված արատավոր պրակտիկայի համաձայն, կուսակցությունները ընտրությունների շրջանում ոչ այնքան զբաղվում են իրենց ընտրական գործերով, որքան իրենց քվեները կեղծելուց եւ գողանալուց պաշտպանելով: Այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նա հիշեցրեց, ընտրակեղծիքները բացառելու համար ամեն ընտրությունից հետո փոխվում է ընտրական օրենսգիրքը, սակայն ըստ նրա, կա’մ փոփոխություններն արմատական չեն, կա’մ կեղծարարներն են շատ ճարպիկ, այնպես որ ամեն հաջորդ ընտրության կեղծիքներն ադապտացվում են նոր օրենսգրքին:
«Ինչպես միշտ, այս անգամ եւս իշխանությունները հավատացնում են, որ այս ընտրությունները անախադեպ են լինելու, բայց դրանք այլեւս հավատ չեն ներշնչում»,-ընդգծեց նա:
Քննարկմանը ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանն էլ նշեց, որ ընտրությունների կազմակերպման լավագույն մեխանիզմը ՀՀ ընտրական օրենսգիրքն է: «Հայաստանի քսանամյա անկախ պատմության մեջ համոզված եմ, որ ունենալու ենք լավագույն ընտրությունները»,- ասաց նա, հավելելով. «ԱԺ ընտրություններից առաջ մենք ունենք բազմաթիվ դառը փորձառություններ, բավականին հաջողված ձեռքբերումներ, արդեն քաղաքական բավարար դաստիրակություն, իմացություն եւ իրավական գիտակցություն ունեցող հասարակություն»:




























