Բրյուսել կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Եվրամիության առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտին: NEWS.am-ին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ հանդիպման օրակարգում Հայաստան-ԵՄ առեւտրատնտեսական հարաբերությունների ընթացքն ու հեռանկարներն էին, մասնավորապես, ՀՀ-ԵՄ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը եւ դրա շուրջ առաջիկա բանակցային գործընթացը: Այդ համատեքստում, Կառավարության ղեկավարը Եվրամիության առեւտրի հարցերով հանձնակատարին է ներկայացրել Հայաստանում ընթացող բարեփոխումները: Վարչապետը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցված գործողություններն ամբողջապես կատարված են Հայաստանի կողմից, որոնք արդեն իսկ ներկայացվել են կառույցին: Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ 2012 թվականի սկզբին կլինի ԽՀԱԱ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին Եվրոպական հանձնաժողովի համապատասխան որոշումը:
Ավելի վաղ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Եվրոպական հանձնաժողովի զարգացման եւ համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆոկիոն Ֆոտիադիսի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանին մակրոֆինանսական աջակցության վերաբերյալ ընթացիկ հարցեր:




























