Ռուսաստանի Օմսկի մարզում 2025 թվականի մարտից աշխատանքային արտոնագրեր ունեցող օտարերկրյա քաղաքացիներին կարգելվի աշխատել մի քանի ոլորտներում։ Համապատասխան սահմանափակումներ մտցնելու մասին հրամանագիրը ստորագրել է մարզի ղեկավար Վիտալի Խոցենկոն, գրում է «Коммерсантъ»-ը։
Ինչպես հայտնել է նահանգապետը իր թելեգրամյան ալիքում, օտարերկրացիները չեն կարողանա աշխատանքի ընդունվել ուղևորափոխադրումների, ինչպես նաև կրթության, առողջապահության, առևտրի, դեղերի և սննդի արտադրության ոլորտներում։ Սահմանափակումներ կտարածվեն նաև որսի և սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտների վրա։
Ռուսաստանի Իրկուտսկի մարզի ղեկավարն այսօր միաժամանակ հրամանագիր է ստորագրել, որով տարածաշրջանում օտարերկրյա քաղաքացիներին որոշակի տեսակի գործունեության մեջ ներգրավելու վերաբերյալ սահմանվում են նմանատիպ սահմանափակումներ: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2025 թվականին:
Առ այսօր Ռուսաստանի մեկ տասնյակից ավելի մարզեր ներգաղթյալներին արգելել են աշխատել տաքսի ծառայություններում, առողջապահության և առևտրի ոլորտում: Մասնավորապես, սահմանափակումներ են մտցվել Կալուգայի, Լիպեցկի, Նովոսիբիրսկի, Տոմսկի, Կեմերովոյի, Տուլայի և Չելյաբինսկի մարզերում, Կամչատկայում, ինչպես նաև Ղրիմում, Յակուտիայում և Կրասնոյարսկի երկրամասում։
Միևնույն ժամանակ, 2023 թվականից տաքսիների մասին օրենքն արդեն իսկ արգելում է արտասահմանյան արտոնագիր ունեցող քաղաքացիներին զբաղվել փոխադրամիջոցներով։ Միաժամանակ շուկայի մասնակիցները բազմիցս ընդգծել են, որ նման փոփոխությունները այս ոլորտում կադրերի պակասի են հանգեցրել։





























