Միլիարդատեր Իլոն Մասկը 75 մլն դոլար է նվիրաբերել America PAC-ի սեփական կոմիտեին, որը զբաղվում է Դոնալդ Թրամփի ընտրարշավի աջակցությամբ տատանվող նահանգներում։ Այս մասին գրել են Bloomberg-ը եւ The Guardian-ը՝ հղում կատարելով America PAC հաշվետվությանը։
Ներկայացված տվյալների համաձայն՝ America PAC-ը ծախսել է 72 մլն դոլար Մասկի նվիրաբերություններից հուլիս-սեպտեմբերին։ Դա ավելին է, քան ծախսել է ցանկացած թրամփամետ կոմիտե ընտրողներ ներգրավելու համար, նշել է The Guardian-ը։
Bloomberg-ը նշել է, որ գործարարը ֆոնդի միակ դոնորն է հուլիսի 3-սեպտեմբերի 5 շրջանում։
Հոկտեմբերի 16-ին Մասկը տեղեկացրել է, որ մի քանի օրվա ընթացքում «դասախոսությունների շարք» կկարդա Փենսիլվանիայի ողջ նահանգում։ Դրանց մուտքն անվճար է, բայց մասնակցության համար պետք է ստորագրել խնդրագիր America PAC-ի կայքում, որում, Մասկի խոսքով, աջակցություն կհայտնվի «խոսքի ազատությանը եւ զենք կրելու իրավունքին»։ Փենսիլվանիան կարեւոր նահանգներից է Թրամփի եւ նրա մրցակցի համար նախագահական ընտրարշավում, հիշեցրել է The Guardian-ը։
Պարբերականը նշել է նաեւ, որ 75 մլն նվիրաբերելով՝ Մասկը դարձել է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուի ամենամեծ դոնորներից մեկը։ Մասնավորապես, այդ նույն շրջանում, ինչ եւ Մասկը, խաղային բիզնեսի սեփականատեր Միրիամ Ադելսոնը Թրամփի ընտրարշավի համար նվիրաբերել է 95 մլն դոլար։



























