Ինտերնետի ազատության մակարդակը շարունակում է հետեւողականորեն իջնել վերջին 14 տարիներին, նշվել է Freedom House կազմակերպության «Ազատությունը համացանցում 2024. Պայքար ինտերնետում վստահության համար» ամենամյա զեկույցում։

Հիմնական  պատճառների շարքում, որոնք ազդում են համացանցում ազատության մակարդակի վրա, Freedom House-ը նշում է միջամտությունն ընտրություններին եւ բռնաճնշումների աճը ինտերնետում կարծիքների ազատ արտահայտման համար։

Հայաստանը 100-ից հավաքել է 74 միավոր ինտերնետի ազատության ինդեքսում եւ մտնում է ազատ երկրների մեջ։ Հաշվետվությունն ընդգրկում է 2023թ. հունիս- 2024թ. մայիս շրջանը։ Նշվել է, որ Հայաստանի օնլայն-միջավայրը մնում է բաց, քանի որ կառավարությունը չի արգելակում վեբ-կայքերը եւ սոցիալական ցանցերը։ Բայց կառավարությունը ձերբակալում է մարդկանց կառավարության քննադատության համար օնլայն-պլատֆորմներում, եւ առանձին անձինք երկրում հաճախ ենթարկվում են լրտեսական ծրագրերի գրոհներին։ Ի տարբերություն լուսաբանման նախորդ շրջանների՝ հաշվետու շրջանում չի գրանցվել վեբ-կայքերի կամ սոցցանցերի արգելում։ 2024թ. մարտին կառավարության քննադատությամբ հանդես եկող պոդկաստի վարողներ Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկ Սիմոնյանը ձերբակալվել են խուլիգանության մեղադրանքով եւ դատապարտվել երկու ամսվա նախնական բանտարկության այն դրվագի հրապարակումից հետո, որը վիրավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նշվել է, որ 2023թ. դեկտեմբերին կառավարությունն իրականացրել է Ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգն ու գործողությունների պլանը 2024-2026թթ. համար, որոնք ուղղված են  կառավարության եւ մասնավոր հատվածի պոտենցիալի ամրապնդմանը այս ոլորտում եւ մեդիա-գրագիտության հետագա առաջմղմանը։ Ընդգծվել է նաեւ, որ 2024թ. հունվարին Anonymous Russia հաքերային խումբը գրոհներ է կատարել մի քանի կայքերի դեմ, այդ թվում Հայաստանի կառավարության, բանկերի եւ կապի օպերատորների։ Կազմակերպությունը նշում է, որ Հայաստանը զգալի անցումային փուլ է ունեցել զանգվածային հակակառավարական բողոքներից եւ 2018թ. ընտրություններից հետո, որոնք դուրս են մղել արմատացած քաղաքական էլիտային։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոստացել է լուծել վաղեմի խնդիրները, ներառյալ համակարգային կոռուպցիան, ոչ թափանցիկ քաղաքականությունը, անկատար ընտրական համակարգն ու օրենքի թույլ գերակայությունը։ «Երկիրը լրջորեն տուժել է Ադրբեջանի ռազմական ճնշումից։ 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի, որը դե-ֆակտո օգտվում էր Ադրբեջանից անկախությունից 1994 թվականից, գրեթե ամբողջ հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինվորականները ջախջախեցին տեղի պաշտպանության ուժերը եւ իրենց լրիվ վերահսկողության տակ վերցրին տարածքը»,- նշված է զեկույցում։

Ավելացնենք, որ Հայաստանի հարեւանների շրջանում Ադրբեջանը ոչ ազատ երկրների շարքում է 34 միավորով։ Վրաստանը եւս մտնում է ազատ երկրների շարքում 74 միավորով, իսկ Իրանը եւ Թուրքիան մտնում են ոչ ազատ երկրների շարք՝ 12 եւ 31 միավորներով համապատասխանաբար։