Ուկրաինայի դաշնակիցները պետք է շարունակեն ռազմամթերք մատակարարել նրան 2025 թվականին, ըստ Reuters գործակալության՝ հինգշաբթի հայտարարել են Չեխիայի, Դանիայի և Նիդեռլանդների վարչապետները՝ Բրյուսելում անցկացված հանդիպման ժամանակ խոստանալով ինքնուրույն շարունակել մատակարարումը։

Այս տարի Չեխիան գլխավորում էր Կիևի համար ռազմամթերք գնելու նախաձեռնությունը՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջոցները:

«Ռազմամթերքի հարցով նախաձեռնությունը պետք է շարունակվի մինչև 2025 թվականը»,-հայտարարել են ՆԱՏՕ-ի երեք երկրների ղեկավարները: «Մեր երկրներն արդեն ավարտում են Նախաձեռնության շրջանակում 155 մմ տրամաչափի ռազմամթերքի, ինչպես նաև երկկողմանի այլ տրամաչափի զինամթերքի մատակարարման հետագա կոնկրետ նախագծերի մշակումը»։

Նրանց համոզմամբ՝ Կիևի մյուս դաշնակիցների համար չափազանց կարևոր է արագ որոշումներ ընդունել զինամթերք գնելու համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ։

«Միայն ֆինանսավորման նախապես նշանակումը և հատկացումը ռազմամթերքի կայուն և կանխատեսելի հոսք կապահովի, որը կշարունակվի մինչև 2025 թվականի առաջին ամիսները, որպեսզի Ուկրաինային բավարար պաշարներ ապահովվի»,-նշվում է համատեղ հայտարարության մեջ։

Ավելի վաղ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտարարել էր, որ Ուկրաինային խոշոր տրամաչափի ռազմամթերք մատակարարելու նախաձեռնությունը կհասնի մինչև տարեվերջ կես միլիոն արկ մատակարարելու նպատակին։