Իտալացին ուշքի է եկել 2019 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարից հետո՝ կարծելով, որ 1980 թվականին է և ինքը 24 տարեկան է։ Լուչիանո անունով տղամարդն այժմ 68 տարեկան է, գրում է Il Messaggero պարբերականը։

Հիվանդանոցում ուշքի գալով՝ նա չի ճանաչել նախ կնոջը, ապա՝ 35-ամյա որդուն, իսկ ինքն էլ ցնցվել է՝ տեսնելով իրեն հայելու մեջ։ Վնասվածքը հանգեցրել է ամնեզիայի, և նա մոռացել է իր կյանքի վերջին 40 տարիները։ Լուչիանոն շատ լավ հիշում էր, որ իրեն մեքենա է հարվածել, բայց վստահ էր, որ ամեն ինչ տեղի է ունեցել 1980 թվականին, որ ինքը 24 տարեկան էր, իսկ չորս ամիս անց պիտի ամուսնանար իր 19-ամյա հարսնացուի հետ։

39 տարվա ամուսնությունը, ճամփորդությունները, որդու ծնունդն ամբողջովին անհետացել են նրա հիշողությունից։ Լուչիանոն «չգիտեր» բջջային հեռախոսների, GPS-ի, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների, ֆուտբոլի աշխարհի առաջնություններում Իտալիայի հաղթանակների, հանրապետության քաղաքականության փոփոխությունների մասին:

Նա ստիպված է իր հարաբերությունները ընտանիքի հետ սկսել զրոյից։ Թերապիաները չեն օգնել վերականգնել հիշողությունը։ Տղամարդը հոգեբանների կարիք ուներ, որոնք օգնել են նրան հաշտվել այն փաստի հետ, որ ինքը երիտասարդ չէ և բառացիորեն կորցրել է իր կյանքից գրեթե 40 տարին:

Մասնագետների կարծիքով, Լուչիանոյի դեպքը չափազանց հազվադեպ է և անսովոր, քանի որ ուղեղի վնասվածքները սովորաբար հանգեցնում են հիշողության էպիզոդիկ կորստի, իսկ մոռացված հատվածները սահմանափակվում են վնասվածքին նախորդող մի քանի ամիսներով: Սովորաբար հիշողությունը գոնե մասամբ վերականգնվում է: