Ուզբեկստանի ՆԳՆ-ն նախազգուշացրել է երկրի չափահաս բնակիչներին, որոնք սիրում են քվադրոբինգ (quadrobists) կուլտուրա՝ մանր խուլիգանության համար պատասխանատվության ենթարկվելու՝ ընդհուպ 15 օր կալանքի տակ պահվելու մասին, նախազգուշացման տեքստը հրապարակել է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ուզբեկստանում սոցիալական ցանցերում վերջերս սկսել են տարածվել կենդանիների դիմակներով շրջող երեխաների տեսանյութեր։ Մասնավորապես, նրանցից մեկը, նմանակելով շանը, հարձակվել է անցորդների վրա և վախեցրել ուրիշ երեխաների։ Տաշքենդում ոստիկանության աշխատակիցները կանխարգելիչ զրույց են անցկացրել երկու քվադրոբիստների ծնողների հետ, որոնց նախազգուշացրել են մինչև 1,875 միլիոն սումի (մոտ 150 դոլար) տուգանքների մասին՝ երեխայի դաստիարակության հարցում իրենց պարտականությունները չկատարելու համար:
«Քվադրոբինգի ենթամշակույթով հետաքրքրվող չափահաս քաղաքացիների գործողությունները նույնպես ենթարկվում են վարչական պատասխանատվության»,-ասված է ՆԳՆ թելեգրամյան ալիքում զետեղված հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ կվադրոբինգով մեծահասակների հոբբին կդասակարգվի վարչական օրենսգրքի «մանր խուլիգանություն» հոդվածով և կպատժվի տուգանքով՝ երեքից հինգ հիմնական հաշվարկային միավորով (88,5-ից մինչև 147 դոլար) կամ մինչև 15 օր վարչական կալանքով:





























