Արժույթի միջազգային հիմնադրամը նոր կանխատեսմամբ հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը հավանաբար կշարունակվի մինչև 2026 թվականը։ Անցյալ տարի ռազմական գործողությունների շարունակությունը մինչև հաջորդ տարվա վերջ ենթադրվում էր բացասական սցենարով, ասված է հիմնադրամի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Այս տարվա վատագույն սցենարի դեպքում Արժույթի միջազգային հիմնադրամը ենթարում է, որ պատերազմը կավարտվի 2026 թվականի կեսին, իսկ Կիևի համար Արևմուտքի աջակցության և էներգետիկ անվտանգության հարցերում հիմնադրամը լուրջ ռիսկեր է նշում:
«Ուկրաինայում պատերազմը շարունակում է տնտեսական, սոցիալական և հումանիտար վնասներ պատճառել։ Էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները լուրջ տնտեսական վնաս և կորուստներ են պատճառել, իսկ կանխատեսումները մնում են խիստ անորոշ: Ակնկալվում է, որ պատերազմը կշարունակվի հաջորդ տարվա ընթացքում՝ ազդելով ծախսերի վրա և լրացուցիչ ֆինանսավորման կարիքներ ի հայտ բերելով»,-ասվում է փաստաթղթում:
Պատերազմն Ուկրաինայի իշխանություններին ստիպում է 2025 թվականի պաշտպանության բյուջեում ներառել ավելի շատ միջոցներ, քան ի սկզբանե նախատեսված էր։
Սոցիալական և տնտեսական լուրջ խնդիրները, ինչպես նաև ավելի կոշտ զորահավաքը արդեն իսկ հանգեցնում է երկրում աշխատուժի պակասի։ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ ավելի քան 10,3 միլիոն մարդ դեռևս տեղահանված է՝ ինչպես ներքին, այնպես էլ փախստականների շրջանում: Միաժամանակ պարենային անապահովությունը ազդում է բնակչության մեկ հինգերորդի վրա։
Հիմնադրամի կանխատեսումներով՝ հաջորդ տարի Ուկրաինայի պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կարող է գերազանցել 100%-ը, իսկ մինչև 2029 թվականը, բացասական սցենարի դեպքում, հասնել գրեթե 300%-ի։
ԱՄՀ-ն միաժամանակ Ուկրաինայի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2025 թվականի համար նվազեցրել է մինչև 2,5%: Ընդ որում, մինչ պատերազմն այս ցուցանիշը կազմում էր 3,4%, իսկ այս տարի՝ 3%։ 2025-ին կանխատեսվում է, որ գնաճը կկազմի 9%, ինչը մոտ է նախապատերազմյան 9,4% մակարդակին:
ԱՄՀ-ն Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել աջակցել հարկային միջոցառումների փաթեթին, իսկ G7 երկրներին՝ Կիևին 50 միլիարդ դոլարի կայուն բազմամյա ֆինանսավորում տրամադրել։





























