Գիտնականների խորին համոզմամբ՝ «պալեոլիթից ոգեշնչված ռոբոտաշինության» ձևավորվող ոլորտը կարող է կյանքի կոչել քարացածությունները և օգնել հետազոտողներին ուսումնասիրել՝ ինչպես են անատոմիայի փոփոխություններն ազդում կենդանիների շարժման, արագության և էներգիայի օգտագործման վրա:
«Մենք ունենք կենդանիներ, որոնց ստեղծելու համար էվոլյուցիային միլիոնավոր տարիներ է պահանջվել, բայց մի քանի տող կոդով կամ նոր 3D տպիչով տպագրված ոտքով մենք կարող ենք վերականգնել այդ միլիոնավոր տարիների էվոլյուցիան ընդամենը մեկ ինժեներական օրվա ընթացքում»,- գրում է Քեմբրիջի համալսարանի գիտնական, ամփոփիչ հոդվածի համահեղինակ դոկտոր Մայքլ Իսիդան:
Science Robotics հանդեսում հրապարակված հոդվածում Իսիդան և նրա գործընկերները նշում են, որ ինժեներները վաղուց ստեղծել են ռոբոտներ, որոնք նմանակում են ողջ կենդանիներին, մինչդեռ ռոբոտները ստեղծվել են նաև անհետացած արարածների, դրանց թվում՝ պլեզիոզավրերի հատուկ բնութագրերն ուսումնասիրելու համար: Գիտնականների թիմը հուսով է, որ այժմ հետազոտողները կանցնեն հնագույն կենդանիների ամբողջ մարմնի վերականգնմանը:
Ըստ դոկտոր Իսիդայի՝ նման ռոբոտները համակարգչային մոդելների նկատմամբ առավելություն ունեն։
Օրինակ, արարածի շարժման ձևն ուսումնասիրելիս ռոբոտները կարող են տեղակայվել իրական միջավայրում, մինչդեռ համակարգչային մոդելավորումը ավազը կամ կպչուն ցեխի նման մակերեսների ֆիզիկան արտացոլող բարդ մոդելներ է պահանջում:
Գիտնականների համոզմամբ՝ պալեոլիթից ոգեշնչված ռոբոտաշինությունը ի վիճակի է օգնել պատասխանել մի շարք հարցերի. մասնավորապես՝ ինչպես են ողնաշարավորները ջրային միջավայրում ապրելուց հետո տեղափոխվել ցամաք, ինչպես են թռիչքներն էվոլյուցիա ապրել և ինչպես են որոշ կենդանիներ չորս ոտքով քայլելուց հետո սկսել երկու ոտքով քայլել:





























