2021 թվականի օգոստոսին Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց ի վեր, երկրում կանանց արգելվել է կրթություն ստանալ՝ առանց տղամարդու ուղեկցության ճանապարհորդել և հասարակության մեջ զրուցել, հատկապես տղամարդկանց հետ:

Ինչպես նշում է գերմանական Bild-ը, նրանց արգելված է այցելել այգիներ, լողալ կամ սպորտով զբաղվել։ Արգելվել են նաև գեղեցկության սրահները։ Կանանց ապաստարանները փակվել են, իսկ կանանց նկատմամբ բռնությունը դադարեցնելու օրենքը չեղարկվել է: Կանայք հաճախ հրապարակայնորեն ծեծի են ենթարկվում և բանտարկվում «ոչ իսլամական վարքագծի» համար՝ «մեղադրանք», որը կարող է տարածվել ցանկացած երևույթի վրա:

Ներկայում Թալիբանի առաքինության նախարար Խալիդ Հանաֆին կանանց արգելել է հրապարակավ զրուցել ոչ միայն տղամարդկանց, այլ նույն սեռի ներկայացուցիչների հետ: Ավելին, ըստ նրա հայտարարության, չափահաս կանանց արգելվում է այլ չափահաս կանանց թույլ տալ իրենց ձայնը լսել։ Ուստի կանայք ևս պետք է ձեռնպահ մնան Ղուրանն այլ կանանց ներկայությամբ բարձրաձայն կարդալուց: