Հարցազրույց «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանի հետ:
Պրն Սարոյան, շատերն են համարում, որ Հայաստանի կապիտալի շուկան խորը ճգնաժամի մեջ է : Որքանո՞վ է այդ գնահատականը օբյեկտիվ:
Բոլորն էլ գիտեն, որ կապիտալի շուկան մեզ մոտ թերզարգացած է: Հետեւաբար` ճիշտ չի լինի ասել, թե ճգնաժամն է ազդել նրա վրա: Պարզապես` շատ խնդիրներ կան, որ տեսնում ենք, ու պետք է լուծել: Օրինակ` ունենք պետական պարտատոմսերի շրջանառություն, բայց այդ շուկայի միայն 6-7 տոկոսն է շրջանառվում բորսայով…
Խնդիրը նրանումն է, որ երբ 2007 թ. OMX-ը մտավ Հայաստան, բոլորը համոզված էին, որ կապիտալի շուկան արագ կզարգանա: Բայց դա տեղի չի ունենում: Ինչո՞ւ:
NASDAQ OMX-ը նախ Desing Study իրականացրեց`Հայաստանի կապիտալի շուկայի ուսումնասիրություն, թե ինչպես կարելի է կապիտալի շուկան զարգացնել: Այն ժամանակ նախաճգնաժամային տարի էր, շատ քչերն էին պատկերացնում, թե ինչ կարող էր լինել: Բոլոր երաշխավորությունները տրվել էին` հաշվի չառնելով ճգնաժամը, այնինչ ճգնաժամը գլոբալ փոփոխություններ մտցրեց նաեւ կապիտալի շուկայում: NASDAQ OMX-ը հավատում է Հայաստանի պոտենցիալին, ուստի իրականացնելու ենք քայլեր` կապիտալի շուկան զարգացնելու ուղղությամբ: Ունենք համագործակցության պայմանագիր կառավարության հետ, որտեղ ֆիքսված են մեր քայլերը: Միգուցե նախկինում տեմպերն այնքան էլ արագ չէին: Արդեն 2012 թ. համար ունենք գործողությունների ծրագիր, որը բավականին ինտենսիվ է:
Ձեր նշանակումն այդ գործողությունների ծրագրի վրա որեւէ ազդեցություն թողե՞լ է:
NASDAQ OMX-ը ինստիտուցիոնալ կառույց է, հետեւաբար` մարդկանց փոփոխությունը չի ազդում ծրագրերի վրա: Կարող է միայն տեմպերի ու ժամկետների շեղումներ լինեն: Մենք նույն ծրագրերը շարունակում ենք, ուղղակի տեմպը արագացրել ենք:
Մի փոքր կբացե՞ք այդ «գործողությունների ծրագիրը»:
Թվեմ մի քանի ուղղություններ. աշխուժացնել պարտատոմսերի շուկան, բորսայի ծառայություններն (գործիքակազմը) ընդլայնել: 2012 թ. համար պլանավորում ենք մինչեւ 28 օրյա ժամկետով վարկային ռեսուրսների հարթակ ներդնել (այսօր այդ հարթակում տրվում են միայն մեկօրյա վարկեր): Շատ կարեւոր է, որ հնարավորինս ավելացնենք մեր թողարկողների քանակը: Ներկայում շատ ինտենսիվ քննարկումներ ենք իրականացնում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, որպեսզի առաջնային տեղաբաշխում կամ պարտատոմսերի թողարկում իրականացնեն: Աշխատանքների մի այլ խումբ կապված է հասարակության հետ կապերին: Մենք պետք է կրթենք հասարակության տարբեր խավերին, որպեսզի կարողանան հասկանալ ու աշխատել կապիտալի շուկայում: Պլանավորում ենք նաեւ վերափոխել բորսայական առեւտրի մեխանիզմը` նախադեպոնացումից անցնել T+3-ի:
Ի՞նչ է դա նշանակում:
Գործող կարգի համաձայն` բորսայական առեւտրի մասնակիցները մինչ առեւտրային նստտաշրջանը դեպոնացնում են արժեթուղթ կամ դրամական միջոցներ, որի սահմաններում էլ կարող են առեւտուր իրականացնել: Դա հնարավորություն է տալիս խուսափել ռիսկերից` անվճարունակության ռիսկ չկա: Բայց ամբողջ աշխարհն անցել է T+3 մեխանիզմին: Դա նշանակում է, որ տրվում են միայն սահմանաչափեր, իսկ կողմերի պարտավորությունների կատարումն ապահովում է բորսան: Այստեղ, իհարկե, ռիսկեր են առաջանում, որովհետեւ պետք է ապահովել եւ վաճառված արժեթղթի առկայությունը, եւ վաճառքի դիմաց վճարումը: Բայց դա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է:
Կարո՞ղ եք ավելի կոնկրետ նշել` 2012 թ. ի՞նչ նոր թողարկումներ կլինեն:
Մենք շատ ինտենսիվ աշխատում ենք պոտենցիալ ներդրողների հետ: Կարող եմ նշել միայն այն ընկերություններին, որոնք իրենք են ցանկացել բացահայտել իրենց մտադրությունները: Առաջին հերթին դա «Սթար Դիվայդն» է, որ սկզբունքային որոշում է կայացրել IPO-ի գնալու մասին:
Ի՞նչ է տալիս IPO-ն ընկերություններին:
IPO-ի գնալու հիմքում պետք է դրված լինեն երկարաժամկետ ռազմավարական նպատակներ: Բայց ընկերությունները կարող են ստանալ նաեւ կարճաժամկետ ու միջինժամկետ օգուտներ: Կարճաժամկետ օգուտն այն է, որ կստանան հարկային արտոնություն` շահութահարկի 50 տոկոսի չափով (եթե փոքր բաժնետերերը 20 տոկոսից պակաս չեն ու բաժնետերերի ընդհանուր թիվը 100-ից ավելի է): Միջինժամկետ խթանն այն է, որ կարողանում են ներգրավել լուրջ ռեսուրսներ տեղական շուկայից: Չմոռանանք, որ կենսաթոշակային նոր համակարգը գործարկելուց հետո լուրջ ֆինանսական ռեսուրսներ են ուղղվելու կապիտալի շուկա: Երկարաժամկետ կտրվածքով հնարավորություն կունենան միջազգային շուկա դուրս գալ, քանի որ աշխատանքներ ենք տանում ինտեգրվելու NASDAQ OMX-ի միջազգային հարթակների հետ: Ցավոք` մեր գործարարներից շատերը երկարաժամկետ պլաններ չունեն եւ ունենալ չեն ցանկանում, միայն ներկան են դիտարկում: Բայց եթե չունես քո ընկերության 10-20 տարվա տեսլականը, ապա IPO-ի չես գնա:
Շատերը կարծում են, որ մասնավոր պարտատոմսերի թողարկման հիմնական խոչընդոտը պետական պարտատոմսերի շուկան է:
Ոչ թե պետական պարտատոմսերի շուկան է խոչընդոտը, այլ այն տոկոսադրույքները, որ ձեւավորված են այդ շուկայում: Կա որոշակի շահերի բախում: Պետական պարտատոմսերն այսօր բավական բարձր եկամտաբերություն ունեն, իսկ ընկերությունները հնարավորություն ունեն ավելի էժան վարկ վերցնել, քան եթե պարտատոմս թողարկեին: Ներդրողների համար պետական պարտատոմսի եկամտաբերության աստիճանից ավելի ցածր տոկոսադրույքով կորպորատիվ պարտատոմսեր ձեռք բերելն անիմաստ է, իսկ մասնավոր ընկերության տեսանկյունից`պարտատոմս թողարկելն է անիմաստ, քանի որ ավելի էժան ռեսուրսի տեղը գիտի: Այդ կոնֆլիկտը բերում է նրան, որ կորպորատիվ պարտատոմսերի շուկան մեզ մոտ չի զարգանում: Բայց կապված կենսաթոշակային բարեփոխումների հետ` իրավիճակը կարող է կտրուկ փոխվել: Ակնկալում ենք, որ մեծ գումարներ կգան կապիտալի շուկա, ինչի հետեւանքով պետական պարտատոմսերի տոկոսադրույքները կընկնեն: Լավ կլիներ, եթե ընկերությունները կարողանային թողարկել արտարժութային պարտատոմսեր: Գործող օրենսդրությունը թույլատրում է նման թողարկումները, սակայն գնանշումը պետք է դրամով լինի: Ոմանց կարծիքով` սա կարող է դոլարիզացիայի աճ առաջացնել, քանի որ կխթանի դոլարային խնայողությունները: Բայց դա ավելի շուտ դրամավարկային քաղաքականության խնդիր է, իսկ բիզնեսի տեսակետից` միանգամայն արդարացված է: Կխթանվի նաեւ օտարերկրյա ներդրումների ներհոսքը, որոնք ձերբազատված կլինեն արտարժությաին ռիսկերից;
Իսկ եվրոպական շուկաներում առաջացած խառնաշփոթը չի խոչընդոտո՞ւմ Հայաստանի կապիտալի շուկայի կայացմանը, հաշվի առնելով, որ անվստահության ընդհանուր ֆոնը տեղափոխվում է նաեւ այստեղ:
Մեր կապիտալի շուկայի թերզարգացվածության պատճառով այդ ազդեցություններն ուղղակի չեն, եւ դվար է ասել` կլինեն դրակա՞ն, թե՞ բացասական: Աշխարհն ականատես է եղել այնպիսի միտումների, երբ ներդրողները հրաժարվում էին զարգացած շուկաներից` տեղաշարժվելով դեպի զարգացող շուկաներ:
Դուք հավատո՞ւմ եք եվրոյի փլուզմանը:
Իմ անձնական կարծիքով` քաղաքական մոտիվներն ավելի ուժեղ կլինեն, քան տնտեսականները: Այդ պատճառով չեմ կարծում, որ եվրոն կամ եվրոյի գոտին կփլուզվի: Հայաստանի վրա դա կանդրադառնա հետեւյալ կերպ` որոշ գործընթացներ ետ կընկնեն: Մեր ընկերությունների մոտ հետեւյալ գործելաոճը կա: Երբ IPO են իրականացնում, ապա ընկերությունը գնահատում են հաշվեկշռային արժեքով, մի փոքր մարժա ավելացնելով` որպես բրենդ: Զարգացած շուկաներում այդ լրացուցիչ մարժան անհամեմատ ավելի բարձր է, ուստի դրանց տատանումները ավելի մեծ են, որն էլ էապես անդրադառնում է այդ ընկերությունների կապիտալիզացիայի վրա: Այդ տեսանկյունից մեզ մոտ մտավախություն չկա, որ շուկայի տատանումները կլինեն շատ կտրուկ ու էապես կազդեն թողարկողների գործունեության վրա: Գուցե 15-20 տարի հետո, երբ շուկան կզարգանա, ու ընկերությունները բաժնետոմսի արժեքի մեջ կմտցնեն բրենդի բավականին մեծ արժեքը, նման տատանումներ հնարավոր են: Իսկ այժմ ամեն ինչ գնում է իր հունով:
Զրուցեց Սամվել Ավագյանը




























