Թերթը գրում է. «Սփյուռքում հայապահպանության ծանր գործը մնացել է Հայաստանում այդպես էլ չկայացած շոու-բիզնեսի տառաճանաչ «աստղերի» վտիտ ուսերին:
Պարզվում է, վերջին շրջանում հայաստանյան «աստղաբույլը» ասպատակել է Լատինական Ամերիկայի հայկական գաղթօջախներ, այնտեղ գաստրոլներ է տվել ու հայրենիք վերադարձել չափազանց ծանր տպավորություններով: Դատելով նրանից, որ «աստղերի» հետ մեկտեղ երեկվա ասուլիսին մասնակցում էր նաեւ Սփյուռքի փոխնախարար Արմեն Հայրապետյանը, կարելի է ասել, որ լատինամերիկյան «ազգապահպան» շրջագայության նախաձեռնողն ու կազմակերպիչը եղել է սփյուռքի նախարարությունը:
Եվ այն, թե ինչի մասին էին երեկ բարբառում հայ «աստղերը», նույնպես վկայում է, որ սույն «հայրենանվեր» գործը գլուխ բերողը եղել է հիշյալ նախարարությունը, որը, ոչ ավել, ոչ պակաս, այստեղից «աստղեր» է արտահանել Հարավային Ամերիկա տեղի հայ համայնքի թուլացող «հայաշունչ ոգին» ամրացնելու եւ պահպանելու համար:
Մի բան, որ կարծես թե սփյուռքի նախարարության գործունեությունից դուրս պետք է լիներ, քանզի, այսպես թե այնպես, մեր «աստղերը» կարողանում են միանգամայն ինքնուրույնաբար չափչփել Սփյուռքի գաղթօջախներում եւ այնտեղ «հայրենի մշակույթը» տարածելու անվան տակ ուզածի չափ փող աշխատել:
Բայց ահա, պարզվում է, Սփյուռքի նախարարությունը թերեւս որոշել է այդ ամենը դնել «պետական հիմքերի վրա» ու այդ գռդոնը իրականացնել պետական միջոցներին հաշվին:
Պարզվում է նաեւ, որ այս գերատեսչությունը «մշակույթի գործիչներ» է համարում հայաստանյան «գլամուռի» գորշ ու դժգույն ներկայացուցիչներին, որոնց էլ առել է իր հոգածության տակ:
Լավ, ի՞նչ էին բարբառում երեկ գաստրոլներից վերադարձած «աստղերը», որոնց «ասելիքն» ակնհայտորեն չէր կարող առանց դիրիժորության լինել:
«Ցավալի է, բայց Սան Պաուլոյում հայ համայնքը ուզում էր վաճառել դպրոցը, քանի որ հաճախորդ չկա, եւ ես համոզեցի, որ նման բան չանեն, բայց այդ խնդիրը շարունակում է մնալ»,- մտահոգված պատմեց «արանժիրովշչիկ» Արա Գեւորգյանը, որը թեպետ վաղուց «կոմպոզիտոր» է համարվում:
Փաստորեն, ըստ Ա.Գեւորգյանի, դպրոցն ունենում է ոչ թե աշակերտներ, այլ «հաճախորդներ»: Խեղճ հայ համայնք, որ սպասում էիր՝ գար նման մեկը ու քեզ համոզեր չվաճառել դպրոցը:
Իսկ երգչուհիներ Արմինկան ու Զարուհի Բաբայանը, ըստ կայքերից մեկի տարածած տեղեկատվության, երեկ խոսել են «Հարավային Ամերիկայի հայ համայնքի խնդիրներից՝ հատկապես առանձնացնելով հայոց լեզվի խնդիրը»:
«Նրանք լավ չգիտեն հայերեն: Դպրոցներում այն բարձր մակարդակի վրա չի ուսուցանվում, այդ մասին ասում են տեղի համայնքի ներկայացուցիչները: Այս հարցը եւ մենք ենք աչքաթող արել, եւ իրենք: Մենք եթե մի քիչ ավելի ակտիվ լինենք, կփոխվի շատ բաներ»,- ասել է Զ.Բաբայանը:
Իսկ սփյուռքի փոխնախարարն էլ խոստացել է հաջորդ տարի Լատինական Ամերիկայից շատ երեխաների հրավիրել Հայաստան:
Այսպես, ուրեմն հայաստանյան «աստղերին», պատկերացնո՞ւմ եք, «մտահոգում» է հայկական գաղթոջախներում հայերենի իմացության ցածր մակարդակը, եւ ընդհանրապես հայկական դպրոցների խնդիրը, եւ համարում են, որ այդ հարցում իրենք էլ են թերացել, անհրաժեշտ ակտիվություն չդրսեւորելով, նպաստել են սփյուռքահայերի մայրենիից հեռանալուն եւ առավելապես օտար լեզվին փարվելուն:
Նույնիսկ չգիտենք՝ մեր լսածը ծա՞ղր համարենք, թե՞ ինչ:
Ախր, այստեղ՝ Հայաստանում, նույն հայ «աստղերը» իրենց անպարագիծ անգրագիտությամբ գրեթե գետնին են հավասարեցրել հայոց լեզուն. լսեք սրանց հեռուստաելույթները, երգերի տեքստերը, դատարկ ու անբովանդակ հարցազրույցները եւ կհամոզվեք, որ բացի մեկ-երկուսից, մնացած «աստղերը» չեն կարողանում անգամ մայրենի լեզվով մի հոդաբաշխ նախադասություն արտաբերել:
Իսկ ինչպես են գրվում սրանց երգերի տեքստերը, որոնցից այստեղ գլուխ չի հանում եւ ոչ ոք, եւ այդ տխմարությունները «մատուցում» են նաեւ սփյուռքահայ ունկնդրին, որը եթե անգամ շատ լավ տիրապետում է հայերենին եւ իր երեխային էլ հայկական դպրոց է տանում, միեւնույն է, այդ ընտանիքը ոչինչ չի հասկանում «աստղերի» «բառային ռեմիքսից»:
20 տարի շարունակ հեռուստաեթերը համառորեն բռնազավթած «կլիպային» թերուսները հասցրել են այնպես ապականել հայոց լեզուն, որ անգամ Հայաստանում է արդեն ծառացել հայապահպանության խնդիրը:
Իսկ հիմա սրանք, որ ուղղակի մայրենիի թշնամիներն են, հանդգնում են հանդես գալ լեզվի պաշտպանության դիրքերից: Սրանք, որ կյանքում մեկ գիրք ամբողջությամբ չեն կարդացել, եւ հայտնի չէ, թե ինչպես են միջնակարգը ավարտել, այժմ ցցվել են ու հայտարարում են, թե իրենք: Հետաքրքիր է, բայց ինչպե՞ս` արաբաթուրքական մուղամներո՞վ, թե՞ քյաբաբադագաղային ռաբիսով: Մեռանք ասելով՝ ձեր տեղը ռեստորանն է ու գիշերային ակումբը, ձեր տգիտությամբ մի խցկվեք այլ ոլորտներ»,- գրում է «Հայոց աշխարհը»:



























