«Հայոց ցեղասպանության նախորդած ժամանակահատվածում Հայ հեղափոխական դաշնակցության եւ երիտթուրքական „Միություն եւ առաջընթաց“ կուսակցության փոխհարաբերությունների հարցը տասնամյակներ շարունակ ՀՅԴ-ի ընդդիմախոսների կողմից օգտագործվել է կուսակցությանը կարճատեսության մեջ մեղադրելու, անգամ՝ „Միություն եւ առաջընթաց“-ի ապօրինություններին աջակցելու մեջ»,- The Armenian Weekly շաբաթաթերթի էջերում գրում է Armenian Review հանդեսի գլխավոր խմբագիր եւ Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի (ANCA) արեւելյան ափի կառույցի նախկին նախագահ Տիգրան Կալիգյանը:
Կալիգյանը, որ պատմություն է դասավանդում Clark University and Regis համալսարանում եւ Ուիտոնի (Իլինոյս նահանգ) քոլեջներում, խոսում է այն մասին, թե «ՀՅԴ առաջնորդները երկար ժամանակ քայլում էին անդունդի եզրով, քանի որ գիտակցում էին, որ հայերի համար ապրելու հնարավորություն կլինի միայն, երբ ճիշտ օգտագործվի երիտթուրքական կուսակցության գործունեությունը: Դա իր հերթին պահանջում էր „Միություն եւ առաջընթաց“ -ի հետ համագործակցություն՝ կուսակցություն, որ փորձում էր բարեփոխումներ անել եւ թելադրել իր պայմանները: Բայց իսլամիստական եւ ռեակցիոն շարժումները հակադրվում էին ինչպես սահմանադրությանը, այնպես էլ „Միություն եւ առաջընթաց“ -ին: Այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն հասկացավ, որ երիտթուրքերը հրաժարվել են նախապես տրված խոստումներից՝ հետեւել սահմանադրությանն ու հայերին ընդունել որպես երկրի լիիրավ քաղաքացիներ, հրաժարվեց նրա հետ համագործակցելուց: Ապա կուսակցությունը փորձեց զինել երկրի հայ բնակչությանը, սակայն չկարողացավ դրա համար միջոցներ գտնել, քանի որ Ռուսաստանն ու Եվրոպան հրաժարվեցին օգնել»:
Կալիգյանը, անդրադառնալով այն դասերին, որ կարելի է քաղել, գրում է. «Անհրաժեշտ է հետազոտել եւ վերլուծել կուսակցության ներքին եւ արտաքին շարժառիթները, որի հետ բանակցություններ ես վարում: ՀՅԴ-ն այդպես էլ վարվեց եւ հասկացավ, որ երիտթուրքերը երկակի խաղ են խաղում, համենայն դեպս՝ 1912թ.-ին: Հայաստանի կառավարությանը հարկ է այսօր նման վերլուծություն կատարել, բայց հաշվի առնելով շատ աշխարհաքաղաքական դրդապատճառներ, ներառյալ՝ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը, գազային նախագծերը, Հայոց ցեղասպանության հարցը եւ ղարաբաղյան խնդիրը: Ինչ-որ մեկի խոցելիությունը չափազանցնելը նույնքան վտանգավոր է, որքան գերագնահատել նրա ուժը: Երկու տարբերակն էլ կարող են ճակատագրական սխալների հանգեցնել բանակցային գործընթացում»:




























