Ֆրանսիայի Ազգային Ժողովում, դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեի ընդունման 20-ամյակին նվիրված ընդունելություն: Հրավիրյալների թվում էին ֆրանսիացի խորհրդարանականներ, սենատորներ, լրագրողներ, մտավորականներ, հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշանավոր իրադարձության կապակցությամբ ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ Ռիշար Մալյեն, Ֆրանսուա Ռոշբլուանը, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը: Վերջինս նաեւ անդրադարձել է 1988 թվականի աղետալի երկրաշարժի 23-րդ տարելիցին` երախտագիտություն հայտնելով Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին ողբերգության հաղթահարման գործում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:
Պաշտոնական արարողության շրջանակներում կայացել է նաեւ «Արցախ` հայ արվեստների եւ ավանդույթների պարտեզ» պատկերազարդ գրքի շնորհանդեսը, որի հրատարակման գործում մեծ ավանդ են ներդրել Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչությունը եւ Ֆրանսիայում գործող Սատար Ղարաբաղին կազմակերպությունը:
Գրքի համահեղինակ, արվեստագետ Պատրիկ Դոնաբեդյանն իր խոսքում նշել է, որ գիրքը նվեր է Արցախի հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ: «Արցախի ժողովրդի ազատության, անկախության հարցն է դրդել մեզ՝ հինգ հեղինակներիս, սկսելու եւ ավարտին հասցնելու այս գործը»,- ասել է Դոնաբեդյանը: Աշխատությունը նաեւ արտահայտությունն է արցախի ժողովրդի ստեղծարար մտքի ու ազատատենչ հոգու:
Ֆրանսերեն եւ անգլերեն երկլեզու աշխատությունն ընթերցողի առաջ բացահայտում է Արցախի պատմությունը, հնագիտական հարստությունը, ճարտարապետությունը, որը ներկայացված է բազմաքանակ եկեղեցիներով, վանքերով ու մատուռներով, խաչքարի արվեստով, ինքնատիպ ոճով ու գունային լուծումներով հարուստ ձեռագիր մատյաններով եւ վերջապես գորգագործության անկրկնելի արվեստով:
Հեղինակային կազմում ընդգրկված են ֆրանսիացի եւ ֆրանսահայ հանրահայտ համալսարանականներ, գիտնականներ, Ղարաբաղի պատմության եւ քաղաքակրթության մասնագետներ: Մեծ է նրանց ներդրումը գիրքը մասնագիտական եւ ընթերցող լայն շրջաններին հասանելի դարձնելու գործում:




























