Անվտանգության երաշխիքների թեման Ուկրաինայի համար ավելի կարեւոր է «պոտենցիալ բանակցությունների» դեպքում, քան տարածքային հարցը։ Այս մասին հրապարակվել է չորեքշաբթի The New York Times (NYT) թերթում, որը հղում է կատարել աղբյուրներին։
«Տարածքների հարցը չափազանց կարեւոր է, բայց դա, միեւնույն է, երկրորդ հարցն է։ Առաջինը անվտանգության երաշխիքներն են»,- պարբերականը մեջբերել է անունը չնշած ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյային։ Ինչպես նշել է NYT-ը, Կիեւի այս դիրքորոշումը կարող է կապված լինել ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակի հետ։ «Բանակցությունները պետք է հիմնվեն երաշխիքների վրա,- թերթին ասել է Գերագույն ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության եւ հետախուզության հարցերի կոմիտեի քարտուղար Ռոման Կոստենկոն։- Ուկրաինայի համար ավելի կարեւոր բան չկա»։
Մեկ այլ բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ Կիեւը կցանկանար երաշխավորել, որ հրադադարի գիծը չվնասի երկրի տնտեսական վերականգնմանը։ Նա ավելացրել է, որ Ուկրաինային նաեւ հետաքրքրում է «ապառազմականացված գոտու լայնության» հարցը։




























