Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը երեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ը թուրքական արտադրության KAAN կործանիչի ստեղծման առաջընթացի ականատես լինելուց հետո վերանայել է իր դիրքորոշումը Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու հարցում, գրում է թուրքական Anadolu-ն։
«Երբ ամերիկացիները տեսան, որ մենք ընդունակ ենք կառուցել և շահագործել KAAN-ը, փոքր-ինչ փոխեցին սեփական կարծիքը F-35-ի մասին»,-Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովի առջև ունեցած ելույթում հայտարարել է Գյուլերը։ -Հիմա իրենք պատրաստակամություն են հայտնում տրամադրել F-35-ը։ Ընդսմին ոչ մի առաջընթաց չի գրանցվել։ Պնդում ենք, որ վերականգնենք արտադրության մեր մասնաբաժինը և ուժի մեջ պահում F-35-ի ձեռքբերման վերաբերյալ մեր խնդրանքը»:
Թուրքիան 2017 թվականին պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ С -400-ի մատակարարման համար, որը ստացել է 2019 թվականին։ ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջում էր հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ ամերիկյան արտադրության Patriot-ի, սակայն Անկարան մերժել է։ Այնուհետև Վաշինգտոնը որոշեց Թուրքիային դուրս հանել F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից և պաշտպանական-արդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ պատժամիջոցներ սահմանեց։ Միացյալ Նհանգները միաժամանակ չեղարկել է Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը։




























