Մարդասպանը 100,000 կանադական դոլար (71,400 դոլար) է առաջարկել Մոնրեալի La Presse թերթի քրեական հարցերով զբաղվող թղթակցին սպանելու համար, հայտնում է թերթը:
Դատապարտված մարդասպան Ֆրեդերիկ Սիլվան La Presse-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ պայմանագիր է առաջարկել յուրաքանչյուրին, ով կհամաձայնի մահափորձ իրականացնել Դանիել Ռենոյի դեմ, որը լուսաբանում էր իր դատավարությունը 2021 թվականին երեք սպանությունների և սպանության փորձի համար: Սիլվան դատապարտվել է 2022 թվականին և դարձել ոստիկանության տեղեկատու։ Քվեբեկի վարչապետ Ֆրանսուա Լեգոն դատապարտել է միջադեպը։
«Անիմաստ է, որ Քվեբեկում լրագրողի գլխի համար պայմանագիր են առաջարկում, քանի որ նա իր գործն է անում: Սա այն Քվեբեկը չէ, որը մենք ուզում ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ նահանգային ոստիկանությունը պետք է շարունակի կազմակերպված հանցավորության դեմ պայքարը:
Իշխանությունների համար տեղեկատու դառնալու համար Սիլվան ստիպված է եղել խոստովանել իր ողջ հանցավոր պատմությունը, հաղորդում է La Presse-ը։ Պարբերականը նշում է, որ իրենք իմացել են պարոն Ռենոյի դեմ դավադրության մասին՝ կարդալով Սիլվայի ոստիկանությունում տված խոստովանությունը: Նա խոստովանել է, որ 2021 թվականին իր դատավարության ժամանակ կապ է հաստատել կազմակերպված հանցավորության երկու ազդեցիկ գործչի հետ՝ Ռենոյի սպանության առիթով:
Ըստ Սիլվայի, նրանք տատանվել են՝ ասելով, որ լրագրողի վրա հարրձակվելը վատ գաղափար է։ «Պայմանագիրը» ուժի մեջ էր մոտ երկու ամիս, բայց այդպես էլ չկատարվեց, հաղորդում է La Presse-ը։ Սիլվան ի վերջո չեղարկել է այդ կարգադրությունը, քանի որ, ըստ նրա, «ավելի կարևոր գործեր ուներ»։ Սիլվան այժմ ցմահ բանտարկություն է կրում։





























