Սպիտակ տունն աշխատում է Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագրի ուղղությամբ, բայց «դա դեռ արված չէ», NBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Մենք ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի դա տեղի ունենա: Մենք սերտորեն համագործակցում ենք տարածաշրջանի առանցքային դերակատարների հետ, և այսօր էլ ակտիվություն կա։ Կլինեն հետագա խոսակցություններ և խորհրդակցություններ, և մենք հուսով ենք, որ կարող ենք պայմանավորվել հրադադարի և պատանդների շուրջ, բայց մենք դեռ դրան չենք հասել»,- ասել է Սալիվանը։
Մեկնաբանելով Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտությունը՝ Սպիտակ տան ներկայացուցիչը բարձր է գնահատել հրադադարի համաձայնությունը և ասել, որ ԱՄՆ-ն աշխատում է լիբանանյան բանակի հետ՝ ապահովելու դրա «արդյունավետ իրականացումը»:
«Մենք պետք է պաշտպանենք այն և ապահովենք, որ այն ամբողջությամբ կատարվի», - ասել է նա NBC-ին:
Սալիվանը նաև ասել է, որ երկու կողմերն էլ «միջազգային իրավունքի համաձայն իրավունք ունեն ինքնապաշտպանության գործողություններ ձեռնարկել, եթե բախվեն անմիջական սպառնալիքի»:
Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հայտարարել էր, որ կան «նշաններ», որ առաջընթաց կարող է արձանագրվել Գազայում ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման համաձայնագրի հարցում:
Միևնույն ժամանակ Սաարն ասել էր, որ ՀԱՄԱՍ-ին «չի կարելի թույլ տալ» շարունակել կառավարել Գազայի հատվածը։





























