Ավանդույթները, իհարկե, մշտական  չեն, եւ նրանք փոփոխվում են որոշակի  ժամանակահատվածում: ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացու համար  տոնական սեղանն անիմաստ է առանց հնդկահավի: Հայաստանում  ամանորյա տոնական սեղանին պետք է լինի ավանդական ազգային ուտեստը` տոլման:

Վերջին տասնամյակներին  ամանորյա սեղանին սկսեց տեղ զբաղեցնել նաեւ խոզի ազդրը, այսպես կոչված «բուդը»: Եւ, բնականաբար, Նոր տարվա նախաշեմին, ավելի է մեծանում դրա պահանջարկը:

Պահանջարկին համապատասխան` ավելանում է նաեւ  գինը` նախատոնական օրերին հասարակ քաղաքացիների համար հասնելով աստղաբաշխական թվերի: Արդեն դեկտեմբերի առաջին տասնօրյակում  կիլոգրամն  անցնում է 3  հազար դրամը: Այսպիսով, 5 կիլոգրամանոց «համեստ» բուդը  15 հազ. դրամի է հասնում: Իսկ այն, ինչպես հայտնի է, պետք է գնել ամբողջությամբ, քանի որ վաճառողները հրաժարվում են մասնատել:

Հարց է առաջանում` արդյո՞ք միջին վիճակագրական ընտանիքն առանց իր բյուջեում լուրջ խնդիրներ առաջացնելու կարող է ձեքռ բերել այդքան պահանջվող ազդրը: Նշենք, որ  դեկտեմբերին, նախորդ ամիսների համեմատ, մանրածախ առեւտրի ծավալը կտրուկ մեծանում է: Անցած տարի դեկտեմբերին մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը 1,8 անգամ գերազանցել էր հոկտեմբերի ցուցանիշը:

Եւ քանի որ վիճակագրական վերջին պաշտոնական տվյալները հոկտեմբերին են վերաբերում, կարելի է  դրա հիման վրա  կանխատեսել  ընթացիկ տարվա դեկտեմբերի մանրածախ առեւտրաշրջանառության ծավալը, այնուհետեւ  որոշել  առեւտրաշրջանառության այն մասը, որը վերաբերում է նախատոնական գնումներին: Այստեղից էլ հնարավոր է պատկերացում կազմել միջին վիճակագրական ընտանիքի ամանորյա տոնական ծախսերի մասին:

Այսպիսիով, առաջիկա տոների համար միջին վիճակագրական ընտանիքը  ծախսում է ավելի քան 110  հազ դրամ:  Խոզի բուդը եւս կարծես թե մտնում է այդ ծախսերի մեջ...

Սակայն, պարզվել է նաեւ, որ նախատոնական օրերին, դեռ խորհրդային շրջանից սկսած, աճում է նաեւ ռադիոտեխնիկայի եւ հեռուստացույցերի պահանջարկը: Պատճառը պարզ է: Այն ընտանիքները,  որոնց նմանտիպ տեխնիկան տարվա ընթացքում շարքից դուրս է եկել, ցանկանում են մինչ տոները ձեռք բերել այն:

Բացի այդ, հյուրեր ընդունելու նախաշեմին ներքին հարդարման առարկաների` կահույքի, վարագույրների, նաեւ սպասքի  թարմացման անհրաժեշտություն է առաջանում:

Վստահաբար կարելի է ասել, որ այդ նրբությունները պահպանվել են նաեւ այսօր:  Ոսւտի, ամանորյա միջին ծախսերը ներառում են նաեւ  վերոնշյալ ոչ պարենային  ապրանքների համար գումարները:  Թե որքան է նրանց մասնաբաժինը` դժվար է ասել, քանի որ պաշտոնական վիճակագրությունը մանրածախ ապրանքաշրջանառությունը  ապրանքային խմբերի չի բաժանում:

Ասյպիսով, եթե միջին վիճակագրական տասն ընտանիքից մեկը  ձեռք է բերել  հեռուստացույց` 150 հազ. դրամով, ապա  հասարակության միջին վիճակագրական բջջին բաժին կընկնի այդ հեռուստացույցի մեկ տեսներորդ մասը, այսինքն` 15 հազ. դրամ, որը, փաստորեն, հինգ կիլոգրամանոց ազդրի գինն է:

Արդյունքում ստացվում է, որ  միջին վիճակագրական ընտանիքի համար  տոնական սեղանի ծախսերը մի փոքր ցածր կլինեն 110 հազ. դրամից:  Այնպես որ, մի ողջ ազդր գնելու հույսերը կնվազեն, եւ հինգ կլոգրամն այս պարագայում կհասնի երեք-չորս կիլոգրամի:

Բայց եթե հետուստացույցին գումարվեն նաեւ այլ ապրանքներ,  կամ այլ ուտեստներ, օրինակ, սեւ խավիար, թառափ  կամ այլ բարիքներ, ապա խոզի ազդրի չափսերը կհասնեն մինչեւ..  հավի բդի չափի:  Ինչ արած, մեր հասարակությունը եկամուտների առումով բառացիորեն բաժանված է երկու հակադիր ճամբարների` ունեւորների եւ չունեւորների: Մեկին խոզի ազդր, մյուսին հավի...

Ալբերտ Խաչատրյան