Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի կինը` Լիլիթ Ասատրյանը, չի պատասխանում իր ամուսնու հետ կապված հարցերին: Քանի որ Վազգեն Խաչիկյանի հեռախոսահամարն անհասանալի էր, NEWS.am-ը զանգահարեց նրա կնոջը` ճշտելու, թե ամուսինը հարցաքննվե՞լ է, թե` ոչ, խոշոր չափերի գումարների յուրացման գործով: «Ես իր հետ կապված հարցերին այդ առումով չեմ պատասխանում»,- ասաց Լ. Ասատրյանը` հավելելով, որ չգիտի, թե իր ամուսնու հետ ինչպես կապվենք:
Նշենք, որ Վազգեն Խաչիկյանը Սոցապ ծառայության պետի պաշտոնից հեռացրել են այնտեղ արձանագրված խոշոր յուրացումների արդյունքում: Պարզվել էր, որ կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 մլն 181 հազար 900 դրամ գումար ու յուրացրել այն: Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների` վերջերս Վազգեն Խաչիկյանին նկատել են Նալբանդյան փողոցում՝ ոստիկանության քննչական բաժին մտնելիս, ինչից կարելի է ենթադրել, որ նա հարցաքննվել է սոցապծառայությունում հայտնաբերված յուրացումների գործի շրջանակում: Այս գործով հարցաքննվել է 24 հոգի, ստորագրությամբ բաց են թողնվել բոլորը: Կալանավորվել է միայն Նոր Նորքի տարածքային կառույցի պետի տեղակալը՝ Արթուր Սուքիասյանը, որը մեղադրվում է 2008-ին Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնից 17 միլիոն դրամ հափշտակելու մեջ:



























