Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին։

«Այսօր առավոտյան մեկ ժամ տևողությամբ հեռախոսազրույց ունեցա նախագահ Պուտինի հետ։ Սրանք ռուս-ուկրաինական պատերազմի ամենավտանգավոր շաբաթներն են։ Մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր դիվանագիտական ​​քայլերը՝ հրադադարի և խաղաղության շուրջ բանակցությունների հաստատման համար»,-նշել է նա։

Ավելի ուշ Օրբանը հայտնել է, որ հեռախոսազրույցում ինքը «սուրբծննդյան զինադադար» է առաջարկել:

«ԵՄ-ում Հունգարիայի նախագահության ավարտին մենք խաղաղության հասնելու համար նոր ջանքեր գործադրեցինք:

Սուրբ Ծննդյան զինադադար և գերիների լայնածավալ փոխանակում ենք առաջարկել։ Ցավալի է, որ նախագահ Զելենսկին այսօր հստակորեն մերժել և բացառել է դա։ Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք»: - նշել է Օրբանը՝ հրապարակելով Ուկրաինայի նախագահի գրառումը, որում նա հույս է հայտնել, որ «Օրբանը, համենայնդեպս, չի զանգի Ասադին Մոսկվա և չի լսի նրա մեկ ժամանոց դասախոսությունները»։

«Միանգամայն ակնհայտ է, որ իրական խաղաղության և երաշխավորված անվտանգության հասնելը պահանջում է Ամերիկայի վճռականությունը, Եվրոպայի միասնությունն ու բոլոր գործընկերների անսասան հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին:

Ոչ ոք միասնության հաշվին չպետք է բարձրացնի իր անձնական իմիջը. բոլորը պետք է կենտրոնանան ընդհանուր հաջողության վրա: Միասնությունը Եվրոպայում միշտ եղել է դրան հասնելու բանալին: Առանց Ուկրաինայի չի կարող բանավեճ ծավալվել պատերազմի մասին, որը Ռուսաստանը մղում է Ուկրաինայի դեմ:

«Ես երախտապարտ եմ Դոնալդ Թրամփին և բազմաթիվ եվրոպական առաջնորդներին, որոնց հետ մենք արդեն աշխատում ենք ճիշտ և ամուր լուծումներ գտնելու ուղղությամբ՝ հանուն իրական խաղաղության»,-գրել է Զելենսկին։