NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Asbarez»-ում հրապարակված Հարութ Սասունյանի հոդվածը.
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անցած շաբաթ կարեւոր ելույթ ունեցավ Մարսելում, որի ժամանակ ներկայացրեց Թուրքիայի նկատմամբ Հայաստանի պահանջների կարգավորման նոր ռազմավարությունը: Մինչ օրս Հայաստանի կառավարությունը միայն ձգտում էր Հայոց ցեղասպանության ճանաչման:
Առաջին անգամ նախագահը խոսեց Հայաստանի կողմից «արդարության» պահանջի մասին: Որպեսզի իր ուղերձը հնչի հստակ եւ բարձր, նա «արդարություն» բառը կրկնեց երեք անգամ` երեք առանձին նախադասություններում.
- «Հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ, որտեղ էլ նա լինի` Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում, պահանջում է արդարություն»:
– «Մենք այնքան ուժեղ էինք, որ կարողացանք վերապրել Մեծ Եղեռնը, եւ ոչ պակաս ուժ ունենք, որպեսզի պահանջենք արդարություն»: Ելույթի այլ հատվածներում նախագահն օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» տերմինը վեց անգամ:
- «Դա ոչ թե վրեժի, այլ արդարության ցնծության լուր էր»,-հայտարարեց նախագահ Սարգսյանը` նկարագրելով 1921թ. մարսելահայերի ուրախությունն այն ժամանակ, երբ ստացան Թեհլերյանի արդարացման լուրը:
Զարմանալի է, սակայն ոչ մի քաղաքական մեկնաբան ոչ Հայաստանում, ոչ Թուրքիայում կամ այլուր ուշադրություն չդարձրեց այս նկատելի առաջընթացին: Ցեղասպանության զոհերի համար «արդարություն» փնտրելը բոլորովին այլ նպատակ է, քան պարզապես ճանաչման հասնելը: Այս համատեքստում «արդարություն» բառը ներառում է հասցված վնասի վերացում այնքանով, որոքանով դա հնարավոր է` ապօրինի բռնագրավված գույքի, գողացված ակտիվների, գրավված տարածքների վերադարձման պահանջի միջոցով:
Թուրքիային ներկայացնելով պահանջների առավել լիարժեք հավաքածու` նախագահ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ կգա ժամանակը, երբ Թուրքիան կընդունի զանգվածային հանցագործությունների փաստը:
Թուրքիայի Եվրամիության գործերով նախարար Էգմեն Բաղըշը, հնարավոր է, չհասկանալով «արդարության» մասին նախագահ Սարգսյանի հեռուն գնացող պահանջները, զայրույթով արձագանքեց նախագահի ելույթի մյուս հատվածներին: Բաղըշը մեծամտորեն հայտարարեց. «Չկա աշխարհում ուժ, որը կարողանա թուրք ժողովրդին ծնկի իջեցնել: Ընդհակառակը, թուրք ժողովուրդը լավ գիտի, ինչպես ծնկի իջեցնել նրանց, ովքեր ոչ բավարար տեղեկության վրա հիմնված հայտարարություններ են անում»:
Ես լիովին սատարում եմ նախագահ Սարգսյանի մոտեցումը Թուրքիայի նկատմամբ Հայաստանի պահանջների մասով: Իմ հոդվածներում, ելույթներում, հարցազրույցներում ու մասնավոր հանդիպումներում մեկ անգամ չէ, որ Հայաստանի առաջնորդներին կոչ եմ արել Թուրքիայից «արդարություն» պահանջել, ոչ միայն պարզապես Ցեղասպանության ճանաչում:
«Արդարության» պահանջը դա ծածկագիր պարունակող բառ է կամ Թուրքիայի նկատմամբ պահանջների ողջ հավաքածուի պայմանական նշանը: Թուրք ժխտողական առաջնորդներից եւ ոչ մեկը չի համարձակվի մարտահրավեր նետել համաընդհանուր ճանաչում ունեցող, օրենքի գերակայության վրա հիմնված «արդարություն» հասկացությանը:
Այն դեպքում, երբ Մարսելում նախագահ Սարգսյանի դիտարկումներն արժանի են գովասանքի, դեռեւս պետք է տեսնել, թե ինչպես է այդ` վերջերս ձեւակերպված արդարության հայեցակարգը կյանքի կոչվում: Ինչպիսի՞ գործնական քայլեր կձեռնարկի Հայաստանի կառավարությունը, մասնավորապես արտգործնախարարությունը, Թուրքիայից արդարություն պահանջելու համար: Կպաշտպանի՞ Հայաստանը այն հայցերը, որոնք սփյուռի հայ համայքները ընդդեմ Թուրքիայի ներկայացրել են ամերիկյան եւ եվրոպական դատարաններ` պահանջելով Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի բռնագրավված ունեցվածքի նկատմամբ իրավունքի վերականգնում, կամ արդյո՞ք Հայաստանը Միջազգային դատարան հայց կներկայացնի ընդդեմ Թուրքիայի Հանրապետության»:




























