«Ծովակալ Նախիմով» ծանր ատոմային հրթիռակրի վրա իրականացվել է 11442М նախագծի միջուկային ռեակտորի ֆիզիկական գործարկում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով պաշտպանական արդյունաբերական համալիրում ունեցած աղբյուրին։
«2024թ. դեկտեմբերի երրորդ տասնօրյակում իրականացվել է միջուկային ռեակտորի պլանավորված ֆիզիկական արձակում «Ծովակալ Նախիմով» հածանավի վրա՝ առանց նավը ծով դուրս բերելու։ Ավարտվել է նաեւ նավի ապամագնիսացման գործողությունը»,- ասել է նա։
Աղբյուրի խոսքով՝ ռեակտորի ֆիզիկական գործարկումը չի նշանակում հածանավի նորոգման եւ արդիականացման ավարտ, «այլ վկայում է այն մասին, որ միջուկային սարքը պատրաստ է աշխատել առավելագույն հզորությամբ»։ ՏԱՍՍ-ը նշել է, որ այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չունի։ ՏԱՍՍ-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Ծովակալ Նախիմովի» երկու միջուկային ռեակտորների ֆիզիկական գործարկումը նախատեսվում էր իրականացնել մինչեւ 2024թ. վերջը։
Ինչպես գործակալությանը հայտնել է «Սեւմաշ»-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Բուդնիչենկոն, «Ծովակալ Նախիմովը» եզակի նավ է տեխնիկական հագեցածության առումով։ Այն լիովին իրացնում է ողջ ներուժը, որը բնորոշ է այս նախագծին: Հածանավը կարող է հաջողությամբ կատարել մարտական առաջադրանքներ համաշխարհային օվկիանոսում ցանկացած եղանակային եւ կլիմայական պայմաններում: Նավատորմին հանձնելուց հետո «Ծովակալ Նախիմովը» կծառայի առնվազն 30 տարի։
Հածանավը նորոգվում է 1999-ից։ Իրական նորոգման աշխատանքներ են տարվում 2013-ից։ Արդիականացման հիմնական արդյունքը հածանավի հարվածային հզորության նկատելի աճն է։ Բաց աղբյուրների համաձայն՝ այն, մասնավորապես, կրելու է 10 ունիվերսալ նավային կրակային համակարգ՝ 8 «Կալիբր- НК»-ով եւ/կամ «Օնիքս» թեւավոր հրթիռներով՝ յուրաքանչյուրում:





























