Ուկրաինան ցանկանում է ՌԴ սառեցված ակտիվների եկամուտներն օգտագործել հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու համար։ Այս նախաձեռնությունը քննարկվել է Իտալիայի ներկայացուցիչների հետ, հայտնել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար, բրիգադի գեներալ Անատոլի Կլոչկոն բանակցություններ է վարել Իտալիայի պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության գործակալության պատվիրակության հետ։

Նշվել է, որ կողմերը քննարկել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն օգտագործելու հնարավորությունը, մասնավորապես, իտալական արտադրության ՀՕՊ համակարգեր եւ այդ համակարգերի զինամթերք գնելու համար։

«Մենք շահագրգռված ենք տարբեր տրամաչափի զինամթերքով եւ հակաօդային պաշտպանության համակարգերով։ Սակայն պետք է հասկանալ, թե որքան ծախսեր կպահանջեն դրանք եւ որքան ժամանակում կարող են մատակարարվել Ուկրաինայի պաշտպանության ուժերին»,- նշել է Կլոչկոն։

Տեղեկացվել է, որ Ուկրաինայի կառավարությունը ծանոթացել է իտալական պաշտպանական ընկերությունների արտադրանքին, իսկ Իտալիայի ՊՆ պաշտպանական արդյունաբերության գործակալության ներկայացուցիչ Մարչելո Մելեն խոսել է պոտենցիալ համագործակցության մեխանիզմների մասին։

«Իտալական պատվիրակությունը հայտնել է երկրի պատրաստակամությունը՝ լինել ոչ միայն կարեւոր գործընկեր Ուկրաինային աջակցելու գործում, այլեւ մասնակցել ԵՄ բյուջեի ճիշտ բաշխմանը՝ այդ թվում օգտագործելու համար ուկրաինական արդյունաբերության բոլոր հնարավորությունները»,- նշել են Ուկրաինայի ՊՆ-ում։