«Ազատության դաշինք» կուսակցությունը լայնածավալ բողոքի ցույց է կազմակերպել Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում՝ փակելով կենտրոնական պողոտան, հայտնում է News.mn տեղական լրատվամիջոցը։

Ըստ լրատվամիջոցների՝ երեկոյան ցուցարարները երթով շարժվել են դեպի կառավարական շենքեր և շարունակել երթը կառավարության հրաժարականի և խորհրդարանի ցրման պահանջով։

Ցուցարարներն ասել են, որ կառավարությունն ու խորհրդարանը չեն կարողացել լուծել բազմաթիվ խնդիրներ, ինչպիսիք են հարկային ծանր բեռը և երիտասարդների՝ սեփական երկրում ապրելու անկարողությունը, ուստի կառավարությունը պետք է հրաժարական տա, և ամբողջ խորհրդարանը պետք է ցրվի։ Ակցիայի մասնակիցներն ասել են, որ իրենց պահանջներին պետք է պատասխան տրվի 24 ժամվա ընթացքում։