Երեւանի Իսակովի պողոտայում եւ հարակից շրջաններում «ԱրմենՏել»-ի բջջային կապը վերականգնվել է։ Ինչպես այս մասին NEWS.am-ին տեղեկացրին «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Իսակովի պողոտայում բջջային կապը վերականգնվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի միջամտությունից հետո:

Հիշեցնենք, որ NEWS.am-ը դեկտեմբերի 16-ին ընթերցողների խնդրանքով անդրադարձել էր մայրաքաղաքի բանուկ եւ գործարար մաս հանդիսացող հատվածում դեկտեմբերի 14-ից բջջային կապի բացակայության խնդրին։

«Իր բաժանորդների անունից «ԱրմենՏել» ընկերությունը շնորհակալություն է հայտնում պարոն Սարգսյանին խնդրի վերաբերյալ մամուլում հրապարակված նյութում բարձացված խնդիրներին օպերատիվ կերպով արձագանքելու համար»,- նշված է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Նշենք, որ կապը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15-ի սահմաններում։