Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գլխավոր դատախազ Քարիմ Խանը դատավորներին ասել է, որ Իսրայելի առարկությունները Գազայի պատերազմի հետաքննության վերաբերյալ պետք է մերժվեն՝ հայտնում է Al Jazeera-ն։

Խանի պաշտոնական պատասխանը տրվել է դատարանի իրավասության վերաբերյալ  Իսրայելի բողոքարկմանը՝ այն բանից հետո, երբ անցյալ տարի դատավորները Նեթանյահուի, նրա պաշտպանության նախկին նախարարի և ՀԱՄԱՍ-ի ռազմական ղեկավարի ձերբակալության հրաման արձակեցին՝ մեղադրելով նրանց մարդկության դեմ հանցագործությունների մեջ: Նեթանյահուն ձերբակալության հրամանն անվանել է «սև օր ժողովուրդների պատմության մեջ» և խոստացել պայքարել այդ մեղադրանքների դեմ:

Անհատները չեն կարող ուղղակիորեն վիճարկել ձերբակալության հրամանը, սակայն Իսրայելը, որպես պետություն, կարող է առարկել ողջ հետաքննության դեմ:

Դեկտեմբերի հայտարարության մեջ Իսրայելը պնդում էր, որ կարող է ինքնուրույն հետաքննել իր ղեկավարների դեմ մեղադրանքները, և որ իսրայելցիների հետաքննության շարունակությունը պետական ինքնիշխանության խախտում է:

Իր 55 էջանոց պատասխանում Խանը հայտնել է, որ միջազգային պայմանագիր հանդիսացող Հռոմի ստատուսը, որի հիման վրա ստեղծվել է ՄՔԴ-ն, թույլ է տալիս նրան քրեական պատասխանատվության ենթարկել անդամ երկրների տարածքում կատարված հանցագործությունների համար՝ անկախ նրանից, թե ինչ ծագում ունեն մեղավորները: Իսրայելը չի ստորագրել Հռոմի ստատուտը։ Սպասվում է, որ դատավորները որոշում կկայացնեն առաջիկա ամիսներին։