Հայաստանի լավագույն խաղացողի կոչմանն արժանի էր Յուրա Մովսիսյանը: Այդ մասին Հանրային հեռուստատեսության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի եթերում ասել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արդեն երկրորդ անգամ արժանանում է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ 2011 թ. լավագույն ֆուտբոլիստ: Կասեմ, որ այդ մրցանակին ավելի շատ արժանի են մեր ազգային հավաքականի բոլոր  ֆուտբոլիստները, մեր ազգային հավաքականն ինքը: Որովհետեւ մենք արեցինք այն, ինչին ոչ ոք չէր սպասում: Ես կարող եմ նշել նաեւ, որ իմ կարծիքով Հայաստանի լավագույն խաղացող մրցանակին արժանի էր Յուրա Մովսիսյանը, ով գալով հավաքական շատ մեծ ներդրում ունեցավ, կարողացավ շատ ուժեղացնել մեր հարձակման գիծը, օգնեց մեզ, որ կարողանանք գոլեր խփել. անցած մրցաշրջանում մենք կարողացանք 22 գնդակ խփել, որը ֆանտաստիկ ցուցանիշ է Հայաստանի պատմության մեջ»,- նշել է Մխիթարյանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով իր խաղընկերոջ հայտարարությունը` Յուրա Մովսիսյանը նշել է. «Ազգային հավաքականում գեղեցիկ մթնոլորտ է, մենք խաղում ենք` ուրախություն պատճառելու մեր ժողովրդին ու հավատում ենք մեր ուժերին: Մթնոլորտն այստեղ այնպիսին է, որ բոլորը խաղում են մեկ նպատակի համար ու դրա արդյունքում է, որ մենք լուրջ հաջողություններ ունեցանք»:

Ըստ Մովսիսյանի, այդ հաջողությունները չէին լինի, «եթե չլիներ բոլոր տղաների` Ռոման Բերեզովսկու, Սարգիս Հովսեփյանի, այս տարվա լավագույն ֆուտբոլիստի` Հենրիխ Մխիթարյանի ու հավաքականի մեր մյուս տղաների անմնացորդ նվիրումը»:

«Բայց ամենակարեւորն այն է, որ մենք գիտենք, թե ինչքան են մեր հաղթանակներով ուրախանում մեր հայրենակիցները Հայաստանում, Արցախում եւ արտասահմանում: Մեր ժողովուրդը հաղթանակների կարիք շատ ունի ու մենք պետք է անենք ամեն ինչ, որ գալիք մրցաշրջանում նոր` ավելի մեծ հաղթանակներ ունենանք»,- նշել է Յուրա Մովսիսյանը: