Երեւանում, այսօր` դեկտեմբերի 17-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզհամերգային համալիրում սկսել ու ավարտվել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միության 5-րդ հոբելյանական համագումարը:

Համագումարի  ավելի քան 2040  պատվիրակներին եւ շուրջ 500 հյուրերին կազմակերպության նախագահ Հայկազ Նավասարդյանը ներկայացրել է «Նիգ-Ապարան»-ի կատարած աշխատանքները եւ ձեռքբերումները: Կատարված աշխատանքներից նշվել է մայիսյան հաղթանակներին նվիրված Բաշ-Ապարանի ճակատամարտի, Ամանորին նվիրված, արդեն ավանդական դարձած «Հին Նոր Տարի», 2006 թվականից մեկնարկած «Միասնության ծառատունկի» ամենամյա միջոցառումները: Նշվել է նաեւ «Նիգ-Ապարանի» կողմից ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրաբերած «Արի Տուն» երգի շնորհանդեսը:

Իր խոսքում «Նիգ-Ապարանի» պատվավոր նախագահ, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն անդրադառնալով  «Նիգ Ապարանի» գործունեությանը երբեմն քաղաքական ենթատեքստ տվող հայտարարություններին, շեշտել է. ««Նիգ Ապարանն» իր գործունեությամբ զորացնում է պետականությունը սերմանում է պետական մտածելակերպ եւ երբեւէ չի զբաղվել, չի զբաղվում եւ չի զբաղվելու քաղաքականությամբ»:

«Նիգ Ապարան»-ի աշխատանքներին օժանդակելու, համագործակցելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար մի շարք պետական եւ հասարակական գործիչների շնորհվել է «Մեր Բարեկամ» կոչումը: Դրանց շարքում են ականավոր քաղաքական եւ պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը,  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գործարար Հրանտ Վարդանյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը:

Համագումարի ավարտին ընդունվել է «Նիգ-Ապարանի» հետագա գործունեության ուղենիշները հաստատող բանաձեւ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ համագումարում «Նիգ-Ապարանի» նախագահ է ընտրվել հանրապետական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: