Land Rover Defender մոդելի էլեկտրական տարբերակը հազիվ թե հայտնվի մինչև տասնամյակի վերջը, քանի դեռ չի հայտնվել նոր հարթակի վրա հաջորդ սերնդի մոդելը՝ գրում է Autocar-ը։
Jaguar Land Rover ավտոարտադրող ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Լեննարդ Հորնիկը Autocar-ին տված հարցազրույցում հաստատել է, որ բրիտանական արտադրողի կողմից ներկայիս պրեմիում դասի ջիպի էլեկտրիֆիկացման ներուժի ուսումնասիրությունները բացահայտել են դժվարություններ, որոնք կարող են անհաղթահարելի լինել։ «Ներկայիս «L663» ավտոմեքենայի էլեկտրիֆիկացումը D7x հարթակի վրա այն չէ, ինչ մենք ուզում ենք։ L663-ը հիանալի է իր գործում, և մենք արդեն ունենք (չորս գլանանի) հիբրիդային տարբերակ՝ միացվող շարժիչով, բայց այս շասսիում հեշտ չէ գտնել լրացուցիչ տեղ մարտկոցների համար՝ հաշվի առնելով առանցքների դիրքը և անհրաժեշտ հնարավորությունները»,-ասել է Հորնիկը։
Ընկերության աղբյուրները հաստատել են, որ D7x հարթակը թույլ չի տալիս նույնիսկ Defender-ը տեղափոխել վեց գլանանի հիբրիդային շարժիչային համակարգի՝ մեծացված մարտկոցով (որը հայտնի է MLA Flex-ի և Range Rover Sport-ի վրա հիմնված Range Rover մոդելների գնորդների շրջանում)։
«Մենք հայտարարել ենք, որ կստեղծենք էլեկտրական սերիական մոդել մեր նոր բրենդներից յուրաքանչյուրի համար (Range Rover, Defender, Discovery և Jaguar), և հավատարիմ ենք մնում դրան։ Բայց ընթացիկ Defender հարթակի վրա տեղ գտնելը շատ, շատ դժվար է, այնպես որ մենք պետք է օգտագործենք որևէ այլ բան»,- հավելել է նա։
Հորնիկը չի ճշտել՝ արդյոք դա նշանակում է սպասել երկրորդ սերնդի Defender-ի թողարկմանը նոր հարթակի վրա, թե փոխարենը նա կներկայացնի երկրորդ մոդելը Defender բրենդի ներքո մասնագիտացված հարթակի վրա մինչ այդ, բայց նրա հայտարարությունները ենթադրում են, որ առաջին սցենարն ավելի հավանական է։





























