Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի իր էջում պատասխանել է այն ֆուտբոլասերներին, որոնք վրդովմունք են արտահայտել Էդգար Մանուչարյանին իր տված կոշտ քննադատական գնահատականի կապակցությամբ:
«Հայաստանի ազգային հավաքականին վախկոտ եւ իրենց կաշվի մասին մտածող ֆուտբոլիստներ պետք չեն: Հայաստանի հավաքականին պետք են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք կան, բացի Էդգար Մանուչարյանից: Իմ կարծիքով՝ Էդգարը վերջին 30 տարվա ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է: Բայց Էդգարը Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալիս իր հնարավորությունների 10 տոկոսով: Էդգարը պետք է հետեւություն անի` կամ ինքը պետք է լրիվ ուժով նվիրվի ֆուտբոլին եւ լրիվ ուժով հանդես գա բոլոր մակարդակների խաղերում, կամ հավաքականում անելիք չունի: Իսկ ինչ վերաբերում է նրա նեղանալուն, մեծական շատ լավ խոսք կա. «Կսկսենք երկու վերմակ օգտագործել»: Ինչ վերաբերում է մի ֆուտբոլիստին մեծարելուն, մյուսին քցելու հաշվին, դուք չարաչար սխալվում եք, եթե նման բան եք զգացել: Յուրա Մոսիսյանի նման բարձրակարգ ֆուտբոլիստին մեծարելու համար ընդհանրապես պետք չէ Էդգարին քցել:
Յուրա Մովսիսյանը, ինչպես նաեւ հավաքականի բոլոր այն տղաները, ովքեր նվիրվածությամբ են հանդես գալիս ազգային հավաքականում, իմ գլխի վրա տեղ ունեն: Իսկ այն ֆուտբոլիստը, որ կրում է հավաքականի մարզաշապիկը եւ իմ երկրի զինանշանը, իրավունք չունի մտնել մարզադաշտ եւ պահել իրեն այնպես, ինչպես պահում է Էդգարը: Իսկ ամենավերջում կուզեմ ասել, որ բոլորդ էլ իմանաք` Էդգար Մանուչարյանը երբեք չի մտել մարզադաշտ ցավազրկումով: Էդգարը չունի այդ կամքը, որ փոքրիկ ցավի դեպքոմ անգամ խաղա եւ հիմա իմ կողմից կուզեմ բոլորիդ խորհուրդ տալ` չփորձել ինձ ուղղություն ցույց տալ, թե ես ինչ ոճով եմ իմ ֆուտբոլիստների հետ աշխատում եւ ինչ պահանջում նրանցից: Ինձանից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ պետք է անել: Այն ֆուտբոլիստը, որը չի անում մեր պահանջները եւ նվիրվածությամբ չի խաղում, կստանա ամենախիստ քննադատությունները, որովհետեւ ինձ համար ազգային հավաքականից ավելի արժեքավոր բան չկա»,- Facebook-ում գրել է Ռուբեն Հայրապետյանը:
Դեկտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր.
«Յուրա Մովսիսյանը Էդգար Մանուչարյան չէ: Նա ամբողջովին այլ ֆուտբոլային մտածելակերպ ունի: Ինչքան բարձրակարգ ակումբում հանդես գա ֆուտբոլիստը, այնքան օգուտ կլինի մեր ազգային հավաքականին: Էդգար Մանուչարյանը ուղեղի խնդիր ունի, նա վախկոտ է եւ նրան չի կարելի համեմատել համարձակ եւ հզոր Մովսիսյանի հետ, չնայած Մանուչարյանն իր տվյալներով, իր վարպետությամբ շատ ավելի հզոր է քան Մովսիսյանը»:




























