Mobile Centre խանութ - սրահներում ներկայացված տեխնիկայի ապառիկ վաճառքը հաճախորդների համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով «Յունիբանկը» պրոմո-կետեր կբացի նաեւ «Երեւան Սիթի» սուպերմարկետներում: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Համագործակցության շրջանակներում Երեւանի Դավիթաշեն եւ Արաբկիր վարչական շրջաններում տեղակայված սուպերմարկետներում արդեն իսկ բացվել եւ հաճախորդների սպասարկումն են սկսել բանկի երկու նոր պրոմո-կետերը: Պրոմո-կետի աշխատակիցները ներկայացնում են «Յունիբանկի» կողմից առաջարկվող սպառողական վարկերի պայմանները, պարզաբանում վարկավորման գործընթացը եւ օգնում հաճախորդներին` վարկային հայտի լրացման եւ ներկայացման գործում:
Mobile Centre խանութ-սրահից բջջային հեռախոս կամ այլ տեխնիկա ձեռք բերելու համար «Յունիբանկը» տրամադրում է U-Best Offer վարկը հետեւյալ պայմաններով` վարկի գումարը` մինչեւ 500 հազար դրամ, ժամկետը` 24 ամիս, տոկոսադրույքը` 20% տարեկան: Կանխավճար բանկը չի պահանջում: Վարկերը տրամադրվում են բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Վարկավորման համար հաճախորդը պետք է ներկայացնի դիմում, անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատավայրից: Վարկային հաշվի բացումն ու սպասարկումն իրականացվում է անվճար:




























