Հայաստանի վերաքննիչ դատարանը, դեկտեմբերի 20-ին կհրապարակի իր վճիռը ամուսնու դաժան ծեծից մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի գործով:
Հիշեցնենք, որ 20-ամյա Զարուհի Պետրոսյանին սպանելու համար Յանիս Սարկիսովը` Զարուհի Պետրոսյանի ամուսինը, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Այժմ նրա պաշտպանը բողոքարկել է վերաքնիչ դատարան պարզաբանելով, որ իբր, Զարուհի Պետրոսյանի մահվան պատճառն արտաամուսնական կապերով պայմանավորված ինքնասպանություն է` թույն խմելու միջոցով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ին 10 տարվա ազատազրկման է դատապարտել Յանիս Սարկիսովին, ով մեղավոր է ճանաչվել գրեթե մեկ տարի առաջ սեփական կնոջը` 20-ամյա Զարուհի Պետրոսյանին դաժանաբար ծեծելու մեջ, որը հանգեցրել է վերջինիս մահվանը:
Դատաքննության ողջ ընթացքում վկաների մեծ մասը պնդել են, որ մանկատան սան Զարուհի Պետրոսյանը պարբերաբար ծեծի է ենթարկվել Յանիս Սարկիսովի եւ նրա մոր կողմից, իսկ դեպքի օրն էլ` սեպտեմբերի 30-ին նրան ծեծելով նետել են աստիճաններից:
2010-ի սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք` առանց տեղաշարժի, եւ մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Նույն օրը, Զարուհի Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հոկտեմբերի 1-ին, ժամը 3-ին մահացել էր:
Յանիս Սարկիսովին ձերբակալել էին եւ մեղադրանք առաջադրել 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով, իսկ նրա մորը ոչ միայն պատասխանատվության չէին ենթարկել, այլեւ Զարուհու փոքրիկ աղջնակին հանձնել էին տատի խնամակալությանը:
Սարկիսովը ողջ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չէր ճանաչել, ավելին, սանձարձակ վարք էր դրսեւորել դատարանի դահլիճում:
Հիշեցնենք, որ Զարուհու մահից հետո 7 հասարակական կազմակերպություններ («Կանանց իրավունքների կենտրոնը», «Հասարակություն առանց բռնության»-ը, «Կանանց ռեսուրսային կենտրոնը», Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցության կենտրոնը», «PINK Armenia»-ն, «Զանգակատունը» եւ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը) կողմից ստեղծվել է կոալիցիա, որի նպատակը այս դեպքին հասարակական հնչեղություն տալն է եւ քրեական արդար գործի ընթացքին հետամուտ լինելը:
Սարկիսովի պաշտպանները պնդում են, որ Զարուհի Պետրոսյանը թունավորումից է մահացել, մինչդեռ դատաբժշկական փորձաքննությունը ապացուցել է, որ նա մահացել է ծեծի արդյունքում:



























