Հայաստանում «խոզի գրիպի» նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել, հայտնաբերված հիվանդների թիվը 11 է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի գլխավոր համաճարակաբան ԱրաԱսոյանը:
Ընդ որում, նա հաղորդեց, որ ներկայումս A/H1N1 վարակի առկայության կասկածանքով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվում են եւս չորս անձ: Ասոյանն ընդգծեց, որ «խոզի գրիպն» իրական խուճապ է առաջացրել հայ հանրության մեջ: «Ինձ մոտ օրեկան տասնյակ զանգեր են հնչում, բնակչության վիճակը փսիխոզի է հասնում: Ես բոլորին խորհուրդ եմ տալիս հանգստություն պահպանել, բայց միեւնույն ժամանակ զգոն լինել»,- հայտնեց Ասոյանը՝ խորհուրդ տալով չհարձակվել դեղատների վրա եւ անպետք դեղեր չգնել: «Բանը հասել է այնտեղ, որ իմ ծանոթներից ոմանք զանգում են ինձ եւ խնդրում „Տամիֆլյու“ գտնել հենց այնպես, ապահովության համար: Մենք անգամ „խոզի գրիպով“ բոլոր վարակվածներին չէ, որ բուժում ենք այդ դեղով, միայն շատ ծանր դեպքերում: Մյուս դեպքերում առողջացման համար բավարարում է նաեւ սովորական, հակագրիպային բուժումը»,- հայտնեց գլխավոր համաճարակաբանը: Ասոյանը շտապեց հանգստացնել Հայաստանի բնակչությանը՝ տեղեկացնելով, որ «խոզի գրիպից» մահացու դեպքերը ոչ թե գրիպի արդյունք են, այլ դրաաից առաջացած թոքաբորբի հետեւանք: «Եւ քանի որ Հայաստանի կլիման թոքաբորբի համար բարենպաստ չէ, մեզ բարդություններից եւ մահերից վախենալ պետք չէ»,- հավաստիացրեց համաճարակաբանը:
Նշենք, որ 11 հիվանդներից 3-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: «Խոզագրիպով» 11 հիվանդներից երկուսը Իրանի քաղաքացիներ էին, 1-ը՝ Թուրքիայի, մյուսները՝ Հայաստանի: Գրեթե բոլոր հիվանդները, բացառությամբ մեկ տաքսու վարորդի եւ հոր կողմից վարակված ընտանիքի, վարակվել են արտերկրում: Ներկայումս Հայաստանում չկա «խոզի գրիպի» դեմ վակցինա ոչ երեխաների, ոչ մեծահասակաների համար: Դեղատներում բժշկական դիմակների եւ հակագրիպային միջոցների դեֆիցիտ է նկատվում: Հանրապետությունում, սակայն, կա «խոզի գրիպի» դեմ արդյունավետ դեղամիջոց համարվող «Տամիֆլյուի» որոշակի պաշար:



























