Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետի հնարավոր բացման հարցն է քննարկվել նախօրեին՝ նոյեմբերի 13-ին, Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որին մասնակցել են երկրի նախագահ Միխելի Սահակաշվիլին, կառավարության անդամներն ու ընդդիմադիր որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ:
«2005թ. սեպտեմբերին „Վերին Լարսի“ անցակետը վերջնականապես փակվեց Ռուսաստանի Դաշնության կողմից, միակողմանի կարգով՝ վերանորոգման պատրվակով: Երեւանում Վրաստանի եւ Հայաստանի միջեւ, Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններ են ընթացել անցակետի բացման ուղղությամբ, եւ այդ կապակցությամբ խորհրդարանում որոշակի մտահոգություններ են հնչել»,- հայտարարել է Վրաստանի նախագահը՝ հավելելով, թե անցակետի բացման հարցը քննարկվում է ընդդիմության նախաձեռնությամբ:
Ընդ որում, ինչպես նշել է Սահակաշվիլին, իշխանությունները համաձայն են «Վերին Լարսի» բացման վերաբերյալ հնչած ոչ բոլոր տեսակետների հետ, «նրանք կներկայացնեն ողջ առկա տեղեկատվությունը, եւ դուք ինքներդ դատողություններ կանեք»:
Ինչպես հանդիպումից հետո հայտնել է ԱԱԾ մամուլի քարտուղար Էկա Տկեշելաշվիլին, այն դեպքում, եթե բանակցություններն ընթանան հաջող, եւ սահմանը բացվի, « Դա դրական կլինի մեր եւ մեր հարեւանի (Հայաստանի) համար, եւ որեւէ կերպ սպառնալիք չի ստեղծվի մեր երկրի անվտանգության համար»:
Մինչդեռ, ինչպես հայտնել է Վրաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական շարժման պատգամավոր Նիկա Լալիաշվիլին, որի նախաձեռնությամբ էլ հենց քննարկվել է հարցը, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ անցակետի բացումն այս փուլոըմ աննպատակահարմար է:
«Լարսում անցակետի բացմամբ Կազբեգին հնարավորություն կստանա ենթակառուցվածքներ իրացնելու համար, եւ դա դրական կազդի տեղական բնակչության վրա: Սակայն հարցը նաեւ սպառնալիք է պարունակում: Հյուսիսային Կովկասում լարված գործընթացներ են ընթանում, եւ անցակետի բացումը կարող է Վրաստանի տարածք զինված խմբավորումների հոսք սադրել»,- ըստ «Ռոսբալտի»՝ ասել է պատգամավորը:




























