Volvo EX30-ը վերածվել է ճանապարհազուրկ տեղանքները հաղթահարող արտաճանապարհային նոր մոդելի՝ Volvo Cross Country նշանը կրող առաջին էլեկտրական ավտոմեքենան և առաջին ամենագնացը, գրում է Autocar-ը։
Ստանդարտ տարբերակի համեմատ՝ EX30 Cross Country-ը բարձրացել է 19 մմ-ով, հագեցած է առջևի և հետևի համար նախատեսված հզոր սահակողերով, ապահովված է ցեխակույտերն արհամարող ցայտապաշտպաններով և 720 մմ-անոց անվադողերով:
Էլեկտրական ավտոմեքենայի հնգօղակ հետևի կախոցը նույնպես ճկուն է դարձել՝ հաղթահարելու համար արտաճանապարհային խորդուբորդ պայմանները, ինչպես նաև ցեխոտ գետնանցումները և մինչև կոճը հասնող ձյունակույտը, հավատացնում է Volvo ընկերությունը:
Չնայած իր «ամբողջ արտաճանապարհային» դիրքավորմանը, EX30 Cross Country-ը «կոշտ» ամենագնաց չէ, այլ նախատեսված է «հանգստյան օրերի հետազոտողների» կարիքների համար, հայտարարել են Volvo-ում: «Cross Country-ն ուղղված է բնություն մուտք գործելուն՝ նրա պայմաններով, այլ ոչ թե այն նվաճելուն», -հավելել են շվեդական ընկերությունում:
EX30 Cross Country-ն ավելի կոպիտ տեսք ունի, քան ստանդարտ ավտոմեքենան՝ ռադիատորի մգացված վանդակաճաղով և բեռնախցիկի կափարիչով, առջևի և հետևի՝ փոքր-ինչ ավելի ցցուն բախարգելներով և մգացացած կամարներով:
19 դյույմանոց անիվները հասանելի են որպես տարբերակ, թեև դրանք կարող են տեղադրվել միայն ճանապարհային անվադողերով: Այլ տարբերակները ներառում են տանիքի վրա տեղադրված բայդարկայի բռնիչ, տանիքում տեղադրված վրան և տարահանման կցորդ:
EX30 Cross Country-ի ինտերիերը նույնն է, ինչ ստանդարտ ավտոմեքենան:
Ստանդարտ EX30-ի պես՝ լիաքարշակ տարբերակն իր էներգիան ստանում է 69 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցից, որը սնուցում են 422 ձիաուժ հզորություն և 264 մղոն հեռահարություն ապահովող երկու շարժիչները:





























