Այսուհետ Երեւանի Ամիրյան փողոցի կամարանցումներից մեկի կողքով անցնելիս քաղաքացիները կտեսնեն Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների գունավոր դրոշները:
«Հայասա» երիտասարդական կազմակերպությունը, որը միավորում է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին, քաղաքապետարանի թույլատրությամբ, Expediter.am եւ Crown Chemical-ի հովանավորությամբ, Ամիրյան փողոցի կամարանցումներից մեկը նկարազարդել է Հայաստանի ազգային փոքրամասնությունների դրոշ-վերնաշապիկներով երիտասարդների պատկերներով:
«Մենք տվյալ կամարանցումը անվանել ենք «Ազգային կամարանցում», քանի որ յուրաքանչյուր քաղաքացի կամարանցումի կողքով անցնելիս կնկատի ոչ միայն տարբեր ազգային դրոշները, այլեւ կտեսնի նրանց միասնությունը, կծանոթանա նրանց դրոշների հետ եւ եւս մեկ անգամ կհիշի այն ազգային փոքրամասնությունների մասին, որոնց հետ ապրում է կողք կողքի, միեւնույն պետությունում»,-նշել է «Հայասա» կազմակերպության նախագահ Սուրեն Մկրտչյանը:
Կազմակերպության ներկայացուցիչները նշում են. «Կցանկանայինք, որ մեր աշխարհասփյուռ հայերին այլ երկրներում վերաբերվեն այնպես, ինչպես մենք ենք իրենց ազգին վերաբերվում մեր երկրում»:




























