«Արայ» ընկերության սեփականատեր, հոկտեմբերի 16-ին «ինքնասպանություն» գործած Արմեն Պետրոսյանի կինը, ով գտնվում էր Դուբայում, արդեն Հայաստանում է եւ նպատակ ունի ամուսնու ընտանիքից վերցնել դստերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց Արմեն Պետրոսյանի կինը` Տատյանա Չադենկովան: «Ես ուզում եմ տեսնել աղջկաս` Կարինային, շփվել սկեսուրիս հետ»,- նշեց Տատյանան, ով դեռ չի հանդիպել դստեր հետ:
«Ես փորձել եմ, բայց չի ստացվել: Ներկա պահին զբաղվում եմ փաստաթղթերով, ինչում ինձ ակտիվ օգնում է Ռուսաստանի դեսպանատունը»,- ավելացրեց Տատյանան:
Ավելի վաղ նոյեմբերի 25-ին Տատյանան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ Արմենի հետ ծանոթացել է 2004թ-ին Դուբայում եւ մեկ տարի անց ամուսնացել: Աղջիկը` Կարինան ծնվել է 2006-ին, իսկ ընտանիքում խնդիրները ծագել են այն բանից հետո, երբ, ըստ Տատյանայի, Արմենն սկսել է ծեծել իրեն, հաճախ ալկոհոլ օգտագործել, ինչպես նաեւ նոր կանայք են սկսել հայտնվել նրա կյանքում: Իսկ 2010թ. Նոր տարվա նախօրեին, երբ հերթական անգամ հարաբերությունները հարթելու նպատակով Տատյանան եկել է Հայաստան, այդ ժամանակ, ատրճանակի սպառնալիքի ներքո, իրեն հասցրել են օդանավակայան եւ ստիպել հեռանալ Հայաստանից:
Հիշեցենք, որ ոստիկանությունը հոկտեմբերի 16-ին, Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված է «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել էր «Արայ»-ի սեփականատեր 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով: Նրա աջ ձեռքին` մատը ձգանին եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) եւ 235 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ տեղի ունեցածում, հնարավոր է, առնչություն ունի Արմեն Պետրոսյանի կինը: Ոստիկանությունից էլ NEWS.am-ին հայտնել էին, որ իրենք չեն կարող հարցաքննել կնոջը, քանի որ նա ՀՀ քաղաքացի չէ եւ Հայաստանում չէ: Ի դեպ, դեկտեմբերի 13-ի-ն Տատյանան մեզ հետ զրույցում անդրադառնալով Արմենի հարազատների կողմից իր եւ Արմենի կյանքի միասին հրապարակած ինֆորմացիայի արձագանքներին, նշել էր. «Նրանք չեն սիրում, երբ իրենց մասին ճշմարտություն են ասում: Նրանք շատ սիրում են ամեն ինչ թաքցնել, այն ինչ իրականում տեղի է ունենում: Բայց ես թաքցնելու ոչինչ չունեմ, քանի որ ավելորդ ոչինչ չեմ արել: Այնինչ` ինձանից իմ երեխային խլել են: Նրա հարազատները իմ մասին շատ վատ են խոսում: Միգուցե մտածում են, որ հավակնում եմ ինչ-որ բանի: Ես պարզապես իմ աղջկան եմ ցանկանում վերցնել եւ իմ սերն ու հոգատարությունը տալ նրան:
Ես գիտեմ, որ լավ մայր եմ: Ես ուրիշ ոչ մի բանով չեմ ապրել, բացի իմ երեխային վերցնելու պայքարով: Բոլոր դատերը շահել եմ, իմ երեխային միշտ հիշում եմ, իրենով ապրում ու շնչում»,-ասաց նա: Տատյանա Չադենկովայի խոսքով, իրեն տարիներ շարունակ ոչ միայն թույլ չեն տվել տեսակցել իր աղջկան, այլեւ սպառնալիքներ են հնչեցրել իր հասցեին: «Ես չեմ կարողացել մոտենալ իմ երեխային, քանի որ նրան զինված թիկնազոր է ուղեկցում, նույնիսկ մանկապարտեզ տանելուց: Նախկինում Արմենի ընկերներից էլ էին սպառնալիքներ հնչել, որ եթե գաս Հայաստան քեզ այլեւս չեն գտնի եւ վերջ: Դրա արդյունքում, ունենալով իմ երեխայի հետ տեսակցելու իրավունքը, ես ֆիզիկապես չէի կարողանում դա անել, քանի որ բոլորը գիտեն Արմենի հնարավորությունները»,- հիշեց Արմեն Պետրոսյանի կինը:Հարցին, թե նման պայմաններում չի՞ վախենում գալ Հայաստան աղջկա հետեւից, նա պատասխանեց. «Ես չեմ մտածում, որ ինչ -որ մեկը կհամարձակվի նման հիմարությունների, անօրինական քայլերի գնալ, քանի որ դրանք հիմա ուժի մեջ չեն: Օրենքը մնում է օրենք»:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























